Բաքվում ԱՄՆ դեսպանատունն Ադրբեջանի իշխանություններին «վախկոտ» է անվանել

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X-ում կատարված գրառմամբ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ՝ նրանց, ըստ էությամբ, անվանելով «վախկոտ»։
«Կառավարության կողմից ազատ մամուլի և քաղհասարակությանը ճնշելու վերաբերյալ միջազգային քննադատությունը մեկ բանի արդյունք է՝ կառավարության կողմից ազատ ԶԼՄ–ների և քաղաքացիական հասարակության ճնշման։
Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Մի՞թե «վախկոտություն» է հարցնել, թե ինչու։ Թե՞ այստեղ իրական «վախկոտ» արարքը ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է։
Մեդիագրագիտության շաբաթ է. Մի մոռացեք փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել պատմությունները և զգոն լինել՝ մոլորության մեջ չընկնելու համար», – գրել է դեսպանությունը՝ կցելով Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հակաամերիկյան ռեպորտաժի հղումը:
