Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար․ ՌԴ դեսպան

Արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի թշնամական վերաբերմունքի պատճառով․ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

Ռուս դիվանագետը խոստովանել է, որ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխությունները չեն կարող չազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա․ գրում է ТАСС-ը։

 

«Ինչպես հայտնի է, Հայաստանն այժմ վարում է իր արտաքին քաղաքական հարաբերությունների լայն դիվերսիֆիկացման քաղաքականություն, և այդ քաղաքականության շատ կարևոր տարր է արևմտյան երկրների, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ մերձեցումը։ Մենք գիտենք, որ ԵՄ-ն ներկայում թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և, ընդհանուր առմամբ, բացահայտ ազդանշան է տալիս իր գործընկերներին, որ նրանք պետք է աջակցեն այս քաղաքականությանը, այդ թվում՝ պատժամիջոցներին։ Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերությունների համար և պահանջում է շատ ողջամիտ, իմաստուն և հավասարակշռված մոտեցում, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն երկու կողմերից», – նշել է ռուս դիվանագետը։

 

Դեսպանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հարմարվեն նոր իրողություններին և «հասունանան»՝ պահպանելու այն հիմնարար արժեքները, որոնք միավորել և շարունակում են միավորել երկրներն ու ժողովուրդներին։

 

«Այս առումով բարձր մակարդակի երկխոսությունը շատ կարևոր տարր է։ Բարեբախտաբար, այն շարունակվում է, և տեղի է ունեցել բարձր մակարդակի մի քանի հանդիպում», – նշել է Կոպիրկինը։

 

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ավելի ու ավելի է ռազմականացվում և բացահայտորեն հակառուսական քաղաքականություն է վարում, ինչը չի կարելի անտեսել։

 

Հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին արևմտյան լրատվամիջոցները սկսել են փորձել վարկաբեկել Ռուսաստանը և երկու երկրների միջև հարաբերությունները․ նշել է դիվանագետը։

 

«Արևմուտքի հետ կապված և նրա կողմից ֆինանսավորվող ռեսուրսների և ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվության աճը շատ նկատելի է։ Նրանք զգալի ջանքեր են գործադրում Ռուսաստանին վարկաբեկելու, ռուս-հայկական հարաբերությունները և մեր հարաբերությունների էությունը վարկաբեկելու համար»,- նշել է նա։

 

Դեսպանի կարծիքով՝ այս ռեսուրսները «լսարանին ներկայացնում են ընթացող համաշխարհային գործընթացների աղավաղված պատկերը»։

 

 

Share This