«Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը
«Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «Երաժշտությունը՝ Արագ Գևորգյանի»․ այսպես է լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի օլիմպիական վեճը։ Այս մասին տեղեկանում ենք Սպուտնիկ Արմենիայից։
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։
Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է քաղաքական չեզոքություն պահել։
«Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են», – ասել է հանձնախումբը։
Միջազգային գեղասահքի միությունը հայտարարել է, որ իրավիճակը դիտարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Ի վերջո, որոշում է կայացվել մրցութային ծրագիրը ներկայացնելիս օգտագործել ոչ թե երաժշտության պաշտոնական անվանումը՝ «Արցախ», այլ պարզապես գրել՝ «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։
