Արցախի ԱԱԾ-ում ծառայած անձինք կկարողանան պաշտոնի նշանակվել ՀՀ ԱԱԾ-ում և ոչ միայն

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը, որը, սակայն, չզեկուցվող է։ Նախագիծը վերաբերում է իրենց կողմից Լեռնային Ղարաբաղ դարձած Արցախի ԱԱԾ-ում աշխատած անձանց ՀՀ ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի անցնելու հնարավորությանը՝ Արցախում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոն զբաղեցնելուն։

Ըստ այդմ՝ սույն օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը հաշվի են առնվում: Ինչպես նաև Արցախի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ և ճանաչվել փախստական: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում «որպես Ծառայությունում նոր ընդունվողներ»։

ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար»։

Ելնելով վերոգրյալից՝ գործադիրը անհրաժեշտ է համարել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները: Նախագծով նախատեսվում է դրույթ, համաձայն որի՝ օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Արցախում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը, իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա: Միաժամանակ, կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած անձանց իրավունքի իրացման հնարավորությունը, և նշված դրույթի գործողության ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը և հանվելու է օրենքի 19-րդ հոդվածի խմբագրությունից։

Share This