Արցախը իր անտառներով ու մի քանի հարյուր-հազար պտղատու ծառերով` հեչ, իսկ մի գյուղի սեփական մի քանի ծառը` մե՞ջ

Օրերս հայկական սոցիալական ցանցերում եւ լրատվական դաշտում անասելի աղմուկ բարձրացավ  խնձորի ծառերի  հատման կապակցությամբ: Ինչ-որ մարդիկ  հուզումնալից կերպով նշում էին, որ «միայն թուրքը կարող էր դա անել»: Ոմանք հասան նույնիսկ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների: Այն ինչ սեփականատերը իր սեփական տարածքում  հատել էր իր սեփական ծառերը եւ որեւէ հակաօրինական  բան այդտեղ չկա: Ինչպես ցանկացած մարդ իր սեփական տարածքում  կարող է հատել ծառ կամ իր բնակարանում  փոխել կահույքը:

Այստեղ զարմանալի է հանրության  տարօրինակ ընդվզումը եւ բորբոքումը նրանից, որ  մարդը իր սեփական այգում որոշել է փոփոխություններ կատարել: Ընդ որում, սա նույն հանրությունն է, որը որ  հեշտությամբ կուլ տվեց, երբ Արցախում  հարյուր-հազարավոր ծառեր հանձնվեցին թշնամուն: Այդ նույն հանրությունն է, որ նույնպես շատ հանգիստ կուլ տվեց, երբ հենց իր հանրային տարածքում` Երեւանի կենտրոնում հատվեցին հարյուրավոր ծառեր:

Ընդ որում,  ինչպես մեզ հաջողվեց պարզել զրուցելով  Գառնի գյուղի գյուղացիների հետ, այս աղմուկ-աղաղակը բարձրացրել են այն մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն  Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած  «Հանրապետություն» կուսակցության հետ: Այն կուսակցության, որը որ ոչ մի ծպտուն չհանեց Արցախը հանձնելու դեմ: Այսինքն` Արցախը իր ամբողջ հարստությունով հանդերձ, այդ թվում` հեկտարներով անտառներն ու մի քանի հարյուր-հազար պտղատու ծառերը իրենց համար հեչ, իսկ իրենց գյուղի բնակչի սեփականությունը հանդիսացող հողամասի մի քանի անօրինական ծառը մեջ:

Ավելին, «Հանրապետություն» կուսակցությունը ունի Երեւանի ավագանու իր խմբակցությունը, որը հավանություն է տվել Երեւանում մի քանի հարյուր հաստաբուն ծառերի հատման համար եւ կրում է դրա համար ուղիղ պատասխանատվություն: Այդ ծառերի սպանդը կազմակերպելու ժամանակ  շատերը խոսում էին, որ Երեւանի այլանդակելը ոմանց բերել է հսկայական գումարներ: Եվ գուցե հենց այդ  խոսակցություններ են իրական պատճառը, որ «Հանրապետություն» կուսակցությունը  հավանություն տվեց  Երեւանում  ծառերի ջարդ անցկացնելուն:

Եվ ահա այսքանից հետո հանկարծ Արամ Զավենի Սարգսյանի շրջապատում գտնվող մարդկանց  սիրտը այնքան է ցավացել, որ գյուղացին իր իսկ բակում ծառ է հատել, որ աշխարհով մեկ լացակումած վայնասուն են բարձրացրել:

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Այս պատմությունը սկիզբ է առել 2005 թվականին, երբ  Գառնի գյուղի մի գյուղացի`  Վահագն Ղազարյանը, նույն գյուղի մեկ այլ գյուղացիներ՝ Աշոտ Սարգսյանից, Վարդան Հայրապետյանից և Լուսինե և Սոնա Մխիթարյաններից  ձեռք է բերում մոտ 2500 քմ մակերեսով մրգի պահեստ-սառնանրանն ու դրա սպասարկաման համար նախատեսված մոտ 9000 քմ հողատարածքը: Նա այդ գումարը վճարում է նոտարի ներկայությամբ , որը եւ հաստատում է առք ու վաճառքի մասին  պայմանագիրը: Սակայն  ինչ-ինչ պատճառներով  Վահագն Ղազարյանը չի հասցնում պայմանագիրը հաստատել կադաստրում սահմանված 30-օրյա ժամկետի մեջ, իսկ ուշացումով ներկայացված դիմումը Կադաստրի կողմից մերժվում է: Տեղեկանալով այդ մասին, նախկին տերերից Աշոտ Սարգսյանը պահանջում է իր անունով եղած մասը՝ մոտ 800 քմ շինությունն ու 2900 քմ հողատարածքը, որպես իր մասնաբաժին առանձնացնել ընդհանուր գույքից, իսկ Վահագն Ղազարյանը պահանջում է Կադաստրից կատարել իր իրավունքների գրանցում: Սկսվում են դատավարություն, որի ընթացքում՝ 2008 թվականին, Աշոտ Սարգսյանը հաջողացնում է կալանքի տակ գտնվող իր բաժին գույքը վաճառել նույն գյուղի բնակիչ Եղիազար Բաղդասարյանին: Հասկանալի է, որ  Եղիազար Բաղդասարյանը  տեղյակ էր, որ  ձեռք է բերում վիճելի տարածք, որի վերաբերյալ ընթանում են դատավարություններ եւ որն այդ պատճառով գտնվում է կալանքի տակ: Սակայն, չգիտես ինչու Բաղդասարյանը գնում է այդ քայլին:

Այնուհանդերձ, իմանալով այդ մասին, Վահագն Ղազարյանը դատարանում պահանջում է անվավեր ճանաչել նաև այդ առուվաճառքը: Արդյունքում,  2010 թվաանի դեկտեմբեր ամսին դատարանը վճիռ է կայացնում, որ Վահագն Ղազարյանի իրավունքի խախտումները վերացնելու և Եղիազար Բաղդասարյանից գույքը հետ վերցնելու մասին:

Սակայն, մինչ այդ, դատավարության ընթացքում Եղիազարյանը  քանդում է այդ սառնարանը, և հավանաբար վաճառում է  սարքավորումները, իսկ  քանդած սառնարանի տեղում  ծառեր է տնկում: Այստեղ ակնհայտ է, որ Օրենք է խախտվում, քանի որ վիճելի տարածքը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության է, որի վրա արգելված է գյուղատնտեսական  գործունեությունը: Բանն այն է, որ այդ տարածքում նախկինում  եղել են արդյունաբերական թափոններ եւ հավանաբար ծանր մետաղների պարունակությունը  գերազանցում է բոլոր նորմատիվները: Համենայնդեպս, որեւէ մեկը  չի ստուգել այդ հողի քիմիական բաղադրությունը, իսկ առանց դրա  արդյունաբերական տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելը լուրջ վտանգներ է պարունակում  մարդկանց առողջության համար:

Բոլոր դեպքերում ըստ  ՀՀ պետական կադաստրի սեփականության վկայականի  տարածքը պատկանում է Վահագն Ղազարյանին եւ ինչ անել այդ տարածքում կամ ինչ չանել որոշում է նա: Իսկ այս աղմուկ-աղաղակը բարձրացրել են մեկ պարզ նպատակով. սեփականատիրոջից խլելու իր օրինական տարածքը:

Այստեղ կա եւս մի թաքնված շերտ. գյուղապետի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն պարտվել է: Եվ ինչպես դա շատ անգամ տեղի է ունենում մեր հասարակության մեջ փորձում է այլ դաշտում ռեւանշ վերցնել իր պարտության դիմաց: Հենց դա է պատճառը, որ իր թիմակիցները հանկարծ դարձան  էկոակտիվիստներ: Ընդհանրապես էկոակտիվիստ դառնալը անհրաժեշտ պահին եւ անհրաժեշտ  վայրում շատ ձեռնտու տարբերակ է, իբր թե պաշտպանում ես  կենդանիներին ու բույսերին,  սակայն  իրականում լուծում ես քաղաքական, տնտեսական կամ նյութական խնդիրներ: Սկսած հայտնի  էկոակտիվիստ Գրետա Թումբերգից եւ վերջացրած Լաչինի միջանցքը փակած ադրբեջանական իբր էկոակտիվիստներով, բոլորը թքած ունեին բնության խնդիրների վրա: Սակայն լուծում էին իրենց հարցերը: Հասկանալի է, որ Գառնի գյուղի  նորընծա էկոակտիվիստները շատ ավելի փոքր եւ մանր մասշտաբի են, սակայն իրենց բարձրացրած հարցն ու դրա նպատակները պակաս անբարոյական չեն:

Ա.Հովհաննիսյան

Նկարում Երեւնում հատած իբր հիվանդ ծառը

Share This