Արագածոտնի խցանման մեջ էին հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը

Այսօր՝ փետրվարի 7-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի արտակարգ իրավիճակ էր ստեղեվել Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհահատվածում։ Մի քանի կիլոմետրանոց այդ ճանապարհը մերկասառույցի պատճառով անհարմարություններ էր ստեղծել վարորդների համար և խցանումը մի իսկական «աջաբսանդալի» էր վերածել ճանապարհը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որպես աշխատող կառույց միայն տեղում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Փրկարարներն ու պարեկները մերկասառույց ճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 60-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար «Գազելներ»։ Իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը 3 ժամ անց նոր բարեհաճեց ու սկսեց աղ ու ավազի խառնուրդով կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր Ապարանում նշվում էր «Ապարանյան ձմեռ» միջոցառումը ու այնտեղ էին շտապում նաև շատ պաշտոնյաներ ու քաղաքացիներ, որոնց թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեկ այլ հայտնի գործարար Դավիթ Դավթյանը, և վերջինները ուշանում էին միջոցառումից, քանի որ նրանք նույնպես հայտնվել էին խցանման մեջ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավտոմեքենան վարում էր ամրակապված։

Share This