Ավստրալիային է հարվածել արևադարձային «Ֆինա» ցիկլոնը․ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության
Ավստրալիայի հյուսիսային շրջանում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, երբ կիրակի գիշերն արևադարձային ցիկլոնը կործանարար քամիներ բերեց տարածաշրջան, ներառյալ մայրաքաղաք Դարվինը, հայտնում է Reuters-ը։
Ազգային օդերևութաբանական բյուրոն հայտնել է, որ կիրակի օրը «Ֆինա»՝ երրորդ կարգի ցիկլոնն, ուղեկցվել է մինչև 205 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով, երբ հեռանում էր Դարվինից՝ անցնելով քաղաքի վրայով շաբաթ ուշ երեկոյան որպես «ուժեղ արևադարձային ցիկլոն»։
Դարվինի բնակիչների համար, որոնց թիվը մոտ 140 000 է, «Ֆինան» ցավալի հիշողություններ է առաջացրել «Թրեյսի» ցիկլոնի մասին, որը 1974 թվականի Սուրբ Ծննդյան օրը ավերեց քաղաքի մեծ մասը և խլեց 66 մարդու կյանք՝ դառնալով Ավստրալիայի ամենասարսափելի տարերային աղետներից մեկը։
Գլխավոր նախարար Լիա Ֆինոկկյարոն հայտարարել է, որ մոտ 19 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության ջրհեղեղի պատճառով, որը նաև նյութական վնաս է հասցրել և ողողել է ճանապարհները, սակայն բնակիչների շրջանում տուժածներ չկան։
«Այս ցիկլոնը հարվածեց տարածքին, որը միավորված և պատրաստված էր դրան», – ասել է Ֆինոկկյարոն մամուլի ասուլիսում։
Իշխանությունները կոչ են արել Դարվինի բնակիչներին՝ հյուսիսային գարնիզոնային քաղաքում, հեռու մնալ անջատված էլեկտրահաղորդման գծերից, քանի որ բրիգադները սկսել են վնասի գնահատումը։ Դարվինի միջազգային օդանավակայանը, որը փակվել էր շաբաթ օրը՝ «Ֆինայի» պատճառով որպես նախազգուշական միջոց, կիրակի օրը հայտարարել է, որ «կվերականգնի գործունեությունը, երբ անվտանգ լինի»։
Օդերևութաբանական բյուրոյի տվյալներով, երրորդ կարգի արևադարձային ցիկլոնները, որոնք երկու աստիճանով ցածր են վտանգի ամենաբարձր մակարդակից, սովորաբար վնասում են շինություններ, ցանքատարածքներ և ծառեր ու առաջացնում էլեկտրամատակարարման խափանումներ։
Մարտին արևադարձային «Ալֆրեդ» ցիկլոնը հարվածեց հարևան Քվինսլենդին, ինչի հետևանքով դպրոցները փակվեցին և հարյուր հազարավոր մարդիկ մնացին առանց էլեկտրականության։
