Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին Ambion.news-ին փոխանցեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան 9 հասցեում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 անձ հիվանդանոցում մահացել էր, բազմաթիվ քաղաքացիներ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
