Աշխարհում ո՞ր կենդանիների ձայնն է ամենաբարձրը
Բնությունը կարող է շատ լուռ թվալ, բայց այդ տպավորությունը խաբուսիկ է։ Իրականում բնությունն աղմկոտ է, բայց կենդանիների բազմաձայնության մեջ կա մեկը, որը խիստ տարբերվում է մնացած ձայների ֆոնին, գրել է IFLScience-ը։
Ամենաբարձրաձայնի համար առաջնության պայքարը իրականում տեղի է ունենում օվկիանոսում։ Գլխավոր հավակնորդներն են երկուսը՝ կապույտ կետը եւ կաշալոտը, գրել է «Ֆոկուսը»։ Չնայած կապույտ կետը համարվում է մոլորակի ամենախոշոր կենդանին, կաշալոտը նրանից առաջ է անցնում արձակած ձայնի բարձրությամբ։
Արժե հիշել, որ ջրում ձայների տարածումը բնավ նույնը չէ, ինչ դրա տարածումն օդում։ Մարդիկ հաճախ փորձում են գնահատել ձայնի ինտենսիվությունը դեցիբելներով, բայց ձայնը ջրի տակ այլ կերպ է աշխատում, բանն այն է, որ ջուրն ավելի խիտ է, նշանակում է՝ ձայնն այնտեղ ավելի արագ է տարածվում։
Շարոն Նյուքիրկի խոսքով (Խաղաղօվկիանոսյան ծովային բնապահպանական լաբորատորիայից – NOAA)՝ դեցիբելն իրականում չափման միավոր չէ, ինչպես կիլոմետրը կամ սանտիմետրը, դեցիբելը արտահայտում է հարաբերակցությունը չափված եւ հենակետային ճնշումների միջեւ։ Հենակետային ճնշումը տարբերվում է օդում եւ ջրում։ Այսինքն՝ 100 դեցիբելը ջրում բնավ նույնը չէ, ինչ եւ 100 դեցիբելն օդում։
Գիտնականները նշում են, որ դեցիբելը ջրում եւ օդում ավելի ստույգ համեմատելու համար անհրաժեշտ է հանել մի քանի դեցիբել ստորջրյա մեծությունից։ Գիտնականները մինչ այժմ վիճում են այն բանի շուրջ, թե ինչպես կարելի է դա ավելի լավ իրականացնել։ Որպես կանոն, հետազոտողները խորհուրդ են տալիս հանել 61,5 դեցիբել. 25,5 դեցիբել հենակետային ճնշման տարբերության հաշվառման համար, 36 դեցիբել խտության եւ ձայնի արագության տարբերության համար օդում եւ ջրում։
Եվ այսպես, ի՞նչ բարձրության ձայն է արձակում կաշալոտը։ Նրա ամենաբարձր ձայներն են համարվում կարճ ճտտացնող ձայները. գիտնականները գրանցել են դրանք 236 դեցիբել մակարդակում ջրի տակ, դա համարժեք է օդում 174,5 դեցիբելին։ Համեմատության համար. ռեակտիվ շարժիչներն արձակում են 140 դեցիբել մակարդակի ձայն։
Միեւնույն ժամանակ, մոլորակի ամենամեծ կենդանին՝ կապույտ կետը, արձակում է 126,5 դեցիբել մակարդակի ձայն, ինչը զգալիորեն ցածր է կաշալոտի արձակածից։ Իսկ ինչ վերաբերում է ամենաբարձրաձայն ցամաքային կենդանուն, այդ տիտղոսը պատկանում է կռնչակապիկներին։ Այդ պրիմատները կարող են արձակել 140 դեցիբել մակարդակի ձայն օդում, որը կարելի է լսել մոտ 5 կիլոմետր տարածությունից։
Նշենք, որ 140 դեցիբելը այնպիսի ինտենսիվություն է, ինչպես թռչող ռեակտիվ շարժչինը, եւ 10 դեցիբելով բարձր է այն շեմից, որի դեպքում ձայնը դառնում է ցավոտ մարդու ականջի համար։
