ԱՆԻՖ-ի գործով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. Դատախազություն

ԱՆԻՖ-ում գույքի հափշտակության քրեական վարույթի շրջանակում  են հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ։ Ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 15-ին նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, անդրադառնալով ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական վարույթին, մասնավորապես հայտարարեց. «10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա»։

Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց Գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե հիշյալ քրեական վարույթի շրջանակում ի՞նչ գործողություններ են իրականացվել, կա՞ն կարգավիճակ ունեցող անձինք։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Միանգամից նշենք, որ վերջին հարցն անպատասխան է մնացել։

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել մի շարք քննչական գործողություններ: Նշված քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել են դատախազությունից։

Քրեական օրենսգրքի 256 հոդվածը վերաբերում է Վստահված գույքը հափշտակելուն, հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է. «Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է  առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»։

Քրեական օրենսգրքի  277 հոդվածը վերաբերում է  Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն։ Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը  սահմանում է.  Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից,  որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27-ի նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով որոշում է կայացրել 1,7 միլիարդ դրամ տրամադրել ԱՆԻՖ-ի պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար։

ԱՆԻՖ-ը կառավարությունը որոշմամբ ստեղծվել է 2019-ի ապրիլին:  Ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։

Share This