Ալիևը և Էրդողանը շնորհավորել են Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձներ են հղել Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Իր նամակում Ալիևը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ–ի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը` «հիշեցնելով, որ Թրամփն իր առաջին նախագահության տարիներին մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմանը»։

«Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, ներառյալ՝ համատեղ գործունեությունը մի շարք կարևոր ոլորտներում, մասնավորապես՝ գլոբալ մարտահրավերների և ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,– հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ Ալիևն ընդգծել է «Թրամփի շարունակական աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը»։

Նամակում Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը «Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ», վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել ադրբեջանա-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման համար։

Իր հերթին Էրդողանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հույս է հայտնել, որ «ամերիկյան ժողովրդի կամքով սկսվող այս նոր դարաշրջանում» կամրապնդվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, և «վերջ կդրվեն տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես պաղեստինյան հիմնախնդիրը և ռուս-ուկրաինական պատերազմը»։

 

Share This