Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը, որով նա հաղորդում էր ներկայացրել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ (ինչի հիման վրա ԱԱԾ-ն դիմակավորված ծառայողներով նրանց բերման էր ենթարկել), գրված է բազմաթիվ տառասխալներով։

Տպավորություն է, որ ԱԺ նախագահի աշխատակազմում ոչ միայն «խուլիգանության» հատկանիշներ են փորձել գտնել վիրավորանքների մեջ, այլ նաեւ լեզվի չիմացությունն են ի ցույց դրել:
Խորհրդարանի խոսնակը, որը ամեն օր ստորագրում է տարբեր որոշումներ ու փաստաթղթեր, պետք է լինի լեզվական եւ իրավական մշակույթի օրինակ. սակայն, փաստորեն, նա անգամ տարրական գրության մակարդակ ապահովել չի կարողացել։
Սա ժամանակի սղության հետեւա՞նք է, թե՞ կրթական «ռեֆորմների» վերջնական արդյունքը՝ դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ. բողոքում սխալներն ավելի շատ են, քան բովանդակային փաստարկները։
«Ժողովուրդ» օրաթերթը» բողոքում հայտնաբերված հինգ սխալների լուսանկարը ներկայացնում է ընթերցողի դատին. թող հասարակությունն ինքը որոշի՝ այս դեպքում ո՞րն է ավելի մտահոգիչ. հեռուստաեթերի հայհոյախառն բառապաշա՞րը, թե՞ այն փաստը, որ երկրի երկրորդ պաշտոնյան այսպիսի որակի տեքստով է դիմում իրավապահներին։ Հաղորդում ներկայացնելու իրավական ձեւակերպումներն էլ են խնդրահարույց, բայց իրավական հարցերը կքննարկվեն դատարանում:
Ի դեպ, իրավապահներից նա ջերմ հարաբերություններ ունի միայն Արթուր Պողոսյանի հետ, դրա համար էլ նրա անունով է հաղորդումը ներկայացրել, այլ ոչ թե ՀՀ գլխավոր դատախազի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
