ԱԷՄԳ-ն տեսչություն կիրականացնի Իրանի մի շարք միջուկային օբյեկտներում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն առաջիկա օրերին կայցելեն Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Պատերազմից հետո արդեն անցկացվել են ստուգայցեր չվնասված օբյեկտներ․ առաջիկա օրերին նախատեսված են այցելություններ մի քանի այլ օբյեկտներ»,- իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ին հայտարարել է Էսլամին։
Նա տեղեկացրել է նաև, որ անցյալ տարվա հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից չվնասված օբյեկտներ ԱԷՄԳ տեսուչներն այցելել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվությամբ՝ այդ կազմակերպության հետ իրանական կողմի շարունակվող համագործակցության շրջանակում։
