ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում. մանրամասներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։
Ազգային ժողովն այսօր 2-րդ ընթերցմամբ և վերջնակապես ընդունել է համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել անհետաձգելի կարգով։
Կողմ է քվեարկել 64 պատգամավոր, ձեռնպահ` 7 պատգամավոր։ Դեմ քվեարկող չի եղել։
Այսպիսով` մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով` ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Նոր ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։
Ստորաբաժանմանը իրավասություն կտրվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և /կամ տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։
