Ֆիլիպիններում ժայթքել է ամենամեծ հրաբուխներից մեկը

Ֆիլիպինների կենտրոնական Նեգրոս կղզում սկսել է ժայթքել Կանլաոն հրաբուխը: Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը:

Ժայթքումը սկսվել է ապրիլի 8-ին` տեղական ժամանակով` ժամը 05:51-ին (Երևանի ժամանակով՝ 01:51-ին): Սեյսմոլոգների տվյալներով՝ արթնացած հրաբուխը մոտ 4 կմ բարձրությամբ մոխրի ու ծխի սյուն է արտանետել։ Հրաբխի տարածքում հայտարարվել է վտանգի երրորդ աստիճան, որը ենթադրում է հրաբխային ակտիվության բարձրացում և հանկարծակի ժայթքման հավանականություն։

Կանլաոնը Ֆիլիպինների ամենամեծ հրաբուխներից մեկն է, որի բարձրությունը 2435 մ է, հիմքի տրամագիծը՝ 30 կմ։ Վերջին անգամ այն ​​ժայթքել է 2024 թվականի դեկտեմբերին, երբ վեց կիլոմետրանոց վտանգավոր գոտուց տարհանվել է մոտ 47 հազար բնակիչ։

Share This