Օմեգա-3-ի ընդունումը երկարացնում է երիտասարդությունը կենսաբանական մակարդակում
Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուների մեկ գրամի ընդունումը կարող է դանդաղեցնել օրգանիզմի կենսաբանական ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 70 ավելի եւ բարձր տարիքի 777 մարդ: Նրանք բաժանվել են մի քանի խմբերի։ Երեք տարվա ընթացքում առաջին խումբն օրական օգտագործում էր 2 000 միջազգային միավոր (ՄՄ) վիտամին D, երկրորդը՝ օրական մեկ գրամ օմեգա-3, իսկ երրորդը՝ շաբաթական երեք անգամ տնային վարժությունների 30 րոպեանոց ծրագիր։
Չորրորդ խմբին առաջարկվել է ընդունել երկու տեսակի հավելումներ՝ առանց ֆիզիկական ակտիվության, հինգերորդին խնդրվել է համատեղել վարժությունը օմեգա-3-ի ընդունման հետ, իսկ վեցերորդին խնդրել են ամեն օր մարզվել եւ խմել վիտամին D։ Հետազոտությունում հաշվառվել են նաեւ վերահսկիչ խմբի տվյալները։
Մասնակիցներին որոշ ժամանակ հետեւելուց հետո գիտնականները պարզել են, որ օմեգա-3-ի չափավոր օգտագործումը մինչեւ չորս ամիս դանդաղեցնում է կենսաբանական ծերացումը՝ համաձայն մի քանի էպիգենետիկ ժամացույցների: Էպիգենետիկ ժամացույցը ԴՆԹ հատուկ «նշանների» հավաքածու է, որը թույլ է տալիս որոշել հյուսվածքի, բջջի կամ օրգանի կենսաբանական տարիքը:
Օմեգա-3-ի, վիտամին D-ի եւ վարժությունների համադրությունն էլ ավելի արդյունավետ միջոց է կենսաբանական ծերացումը դանդաղեցնելու համար: Ընդ որում՝ այս էֆեկտն ընդգծված է եղել մասնակիցների մոտ՝ անկախ սեռից, տարիքից կամ մարմնի զանգվածի ինդեքսից։