ՔՊ-ԻՆ ՀՈՒՆԻՍԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՀԻԱՍԹԱՓՎԵԼ
Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է.
«Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։
Իշխող քաղաքական ուժի համար, որը դեռևս 4,5 ամիս առաջ կայացած համապետական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 50%-ից ավելին, սա աղետալի արդյունք է։ Թեև յուրաքանչյուր համայքնում կան տեղական առանձնահատկություններ, մեծ հաշվով սա մի բան է ցույց տալիս՝ ՔՊ-ին հունիսին ընտրողները զգալի մասը արդեն իսկ կարճ ժամանակում հասցրել են հիասթափվել նրա նախընտրական խոստումներից, և գիտակցել, որ նրա առաջնորդի կողմից իրականացվող «խաղաղասիրական» քաղաքականությունը ոչ միայն չի տանում խաղաղության, այլ ընդհակառակը՝ Հայաստանը կանգնեցրել է ամենօրյա սողացող պատերազմի և անվերջանալի կորուստների վտանգի առաջ։
Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար, որոնք պետք է գիտակցեն, որ թշնամուն միակողմանի զիջումներ անելու և հայրենիքի տարածքները «խաղաղության դիմաց» հանձնելու նրանց քաղաքականությունը այլևս լցրել է մարդկանց համբերության բաժակը։ Խաղաղությունը այս պայմաններում կարելի է հաստատել միայն ազգի ողջ կարողությունները համախմբելով և թշնամուն բոլոր հնարավոր ճակատներում կոշտ հակազդելով, մանավանդ, որ այն իր ներսում արդեն իսկ լուրջ խնդիրներ ունի, և նախկին ագրեսիվությամբ հանդես գալու կարողությունը չունի։ Այլապես, պետք է խոհեմաբար հեռանալ, և ճանապարհ բացել այն ուժերի համար, որոնք ունակ են դա անելու։
Անցած համայնքային ընտրությունները ցույց են տալիս դրա խաղաղ և օրինական ճանապարհը, և հուսով եմ, որ արդեն տեսանելի ապագայում, Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն ընդունակ կլինի ապահովել երկրի իրական անվտանգությունը, և վերադարձնել այն զարգացման բնականոն հուն։ Մինչ այդ, շնորհավորում եմ անցած ընտրություններում հաղթող ընդդիմադիր ուժերին՝ այս պայմաններում իրենք հսկայական գործ են արել, և արժանի են ամենայն դրվատանքի»