Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի ունեցած փորձն ու ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ կան բոլոր նախապայմանները երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ ներդնելու և ամրապնդելու համար։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ անդրադարձել Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորված և հաջողություններ գրանցած գործակցային կապերին, ընդգծել, որ բելառուսական կողմը հետաքրքրված է՝ ամրապնդելու համագործակցությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ալեքսանդր Կոնյուկն առաջարկել է ըստ ուղղությունների մշակել համագործակցության ալգորիթմ, և աշխատանքներ տանել դրանց իրականացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների ինժեներական լուծումների փորձին և տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը։