Քայլ եւ հակաքայլ

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ հզոր քարոզչական պատերազմ է ընթանում, կարծում են, որ նրա դեմ միավորվել են բոլոր նախկինները՝ իրենց ունեցած ֆինանսական ու մեդիառեսուրսներով, ուստի իրենց պարտքն են համարում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին՝ այդ անհավասար պայքարում։ Անշուշտ, ազնիվ ցանկություն է՝ պաշտպանել նրանց, ում ընտրել ես, եւ բերել իշխանության։ Մանավանդ՝ եթե քեզ սարսափեցնում է նախկինների վերադարձը։ Բայց հարց է ծագում՝ արդյոք նախկինների պայքարը միտված է ռեւանշի՞ն՝ իշխանությունը հետ նվաճելուն։ Գուցե այս պայքարը պարզապես ինքնապաշտպանությունից դրդված պայքար է՝ ազատությունից չզրկվելու, անօրինական (անգամ օրինական) հետապնդումներից զերծ մնալու, տարիների ընթացքում կուտակած (վաստակած) ունեցվածքը փրկելու համար։
Տարօրինակ կլիներ սպասել, որ այն մարդիկ, որոնք հայտնվել են բանտերում կամ փախուստի մեջ են եւ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, զրկվել են աշխատանքից ու կարգավիճակից, հալածվում եւ հետապնդվում են (անգամ եթե արդարացիորեն), չպաշտպանվեին եւ չփորձեին հակահարված տալ իրենց հալածողներին։ Կարծեմ՝ սպանդանոցում անտրտունջ մորթվում են միայն ոչխարները, մյուս բոլոր կենդանիները դիմադրում են մինչեւ վերջին շունչը։ Սպասել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Խաչատրյանը լուռ եւ հնազանդ բանտ կնստեին, եւ նրանց մերձավորներն ու ընկերները չէին պայքարի նրանց ազատության համար, կամ Արա Մինասյանն ու Միքայել Մինասյանը թույլ կտային, որ իրենց անարգել փնովեն, կամ Գեւորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը հարցազրույցներ չեն տա՝ ապացուցելով իրենց անմեղությունը, մանկամտություն կլիներ։ Այնպես որ՝ այս դաժան պայքարն իշխանական քայլերի բնականոն հետեւանքն է՝ ոչ ավելին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )