ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՌՆ ԱՌԵՒՏՐԻ ՓՈՒԼ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ

Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած վարչապետի եւ նրա թիմի հասցեին հրապարակային հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դաշտում կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափով իրավիճակ է ստեղծվել, եւ բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իսկ եթե չեն էլ պահանջում, ապա քննադատում են խայտառակ պարտության համար։ Սակայն պարզվում է, այս իրավիճակում անգամ ոմանք՝ հրաժարական պահանջելով հանդերձ, բանակցում են իշխանությունների հետ։ Մասամբ դրանք ստվերային բանակցություններ են, քանզի  կատարվածից հետո Նիկոլ Փաշինյանին բացահայտորեն աջակցելը կնշանակի կիսել նրա հետ պատասխանատվությունը, պարտվածի խարանը։

Երեկ մենք համառոտ անդրադարձել էինք հնարավոր կոալիցիայի թեմային, տեղեկացրել, որ քաղաքական որոշ ուժեր եւ անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցով։ Եվ նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ Հնարավոր դաշնակիցներն են ՀԱԿ-ը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի նորաստեղծ ուժը եւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։

Գրել էինք նաեւ՝ չի բացառվում, որ սկզբում այդ համագործակցության մասին չհայտարարեն, դաշնակից ուժերը ծածուկ աջակցեն՝ այս կամ այն պաշտոնում նշանակելով իրենց կողմից ընդունելի թեկնածուներին, ինչպես եղավ ԿԳՄՍ նախարարի դեպքում, ով ՀԱԿ շրջանակներին մերձ անձ է։ Ուստի առաջիկայում չենք բացառում, որ հերքեն այս լուրերը, սակայն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մեր նշած շրջանակների հետ, եւ նախօրեին մեզ հետ զրույցում դա չէր հերքել նաեւ ՔՈ-ի ղեկավար Սուրեն  Սահակյանը՝ ասելով, որ հանդիպել են՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, սակայն «որեւէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ Իսկ իրավիճակից ելքը, ՔՈ-ականների տեսլականով, հետեւյալն է․ «Որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր եւ երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։

Անհասկանալի է նաեւ ՀԱԿ-ի պահվածքը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո լեւոնականներն ուղղակի արշավ սկսեցին, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության եւ հատկապես՝ Վազգեն Մանուկյանի դեմ։ Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, օրինակ, իր հոդվածով հողին հավասարեցրեց 17 ուժերին, նրանց թեկնածուին եւ նրանց բոլոր առաջարկները։ Ավելին՝ նրա կարծիքով, Վազգեն Մանուկյանն ընդամենը «խաղում է ժողովրդի սրտի լարերի հետ»։ Ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մինչեւ անգամ հնարավոր բախումների համար մեղադրեց Վազգեն Մանուկյանին։ Տեղեկություններ կան, որ նա մերժում է Վազգեն Մանուկյանի հանդիպման առաջարկը, որի մասին վերջինս երեկ խոսել էր եթերում։

Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանն այն բացառիկներից է, որը նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլեւ իր կուսակիցների հետ ջանք չի խնայում նրան աջակցելու համար։ Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ նրա կուսակից որոշ երիտասարդներ մասնակցում են ի պաշտպանություն Փաշինյանի ակցիաներին, անգամ՝ կառավարական առանձնատան պաշտպանությանը։ Մինչեւ իսկ շրջանառվեց կոնկրետ մեկի անունը՝ Գեղամ Շեխոյան, որի՝ համազգեստով լուսանկարը պտտվում է համացանցում։ Իսկ Արամ Սարգսյանի կուսակիցներից մեկը՝ Լյովա Եղիազարյանը, որը 2 տարի շարունակ վերջին հայհոյանքներն է տեղում Ֆեյսբուքում՝ Փաշինյանի հակառակորդների հասցեին, կապիտուլյացիայի փաստաթղթի վրա թանաքը դեռ չչորացած՝ լծվել է իշխանություններին արդարացնելու եւ նրանց ընդդիմախոսներին պախարակելու գործին։ Հիշեցնենք, որ «Հանրապետությունն» այն կուսակցությունն է, որ 2018-ին ոչ մի օր չկանգնեց Փաշինյանի կողքին եւ ասպարեզում հայտնվեց միայն իշխանափոխությունից հետո։ «Ոնց որ կասեր Քաջ Նազարը՝ էսքան մարդով նույնիսկ քարվան կտրելու չեն գնա: Չէ մի չէ՝ անհնազանդություն»,- գրում են «Հանրապետության» ստատուսչիները՝ կից տեղադրելով ԱԺ-ի դիմացի բողոքի ակցիայի լուսանկար։ Իսկ 17 կուսակցությունների ներկայացուցիչներին «թերուս» են անվանում եւ տարբեր պիտակներ կպցնում։

Մի քանի օր է՝ տեղեկություններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն առեւտուր է սկսել «Լուսավոր Հայաստանի» հետ, առաջարկում է պաշտոններ՝ ընդդիմության կողմը չանցնելու եւ վարչապետի անվստահության նախագծին չմիանալու դիմաց։ ԼՀԿ-ի համար «քաղաքական առեւտրի» լայն հորիզոններ են բացվել՝ իրենց ունեցած 17 մանդատը կարող են շատ թանկով «ծախել» ընդդիմության ու Վազգեն Մանուկյանի կամ՝ իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի վրա։ Այստեղ, իհարկե, որոշակի դերակատարում ունեն նրանց արեւմտյան ստնտուները եւ ուժերի հավասարակշռությունը երկրում՝ թե ում նժարն ավելի ծանր կլինի։

Եվ վերջապես․ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներից ամենաազնիվը թերեւս Արման Բաբաջանյանն է, ով նրան աջակցում է բացահայտ, առանց այլեւայլությունների։ Թեեւ ուրիշ բան թերեւս հնարավոր էլ չէր, քանզի այս պրոյեկտը հենց Նիկոլ Փաշինյանի մտահղացումն է՝ իր կողմից կառավարելի եւ բազում խոցելի տեղեր ունեցող մի անձ եւ ուժ, որին կարողանա մտցնել հաջորդ խորհրդարան եւ օգտագործել անհրաժեշտ պահերին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )