Փխրուն շուկա և պատրաստությունը վատթարագույնին. Նասիմ Թալեբի կանխատեսումը 2025 թվականի համար
Փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է արել 2025 թվականի համար՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները պետական պարտքի պատճառով «մահվան պարույրի» մեջ է հայտնվել, գրում է РБК-ն՝ մեկ հոդվածում ի մի բերելով գիտնականի կանխատեսումները։
Դեռևս անցյալ տարվա տարեսկզբին նա նշել էր, որ ֆինանսական շուկաների ներկա իրադրոթյունը խոշոր փլուզումներին նախորդած ժամանակաշրջաններն է հիշեցնում։
Վերջերս տված հարցազրույցում նա շուկան նկարագրել է որպես ամենափխրունը վերջին 20, գուցե 30 տարիների ընթացքում: Ռիսկի հիմնական գործոնների թվում գիտնականն առանձնացրել է հետևյալ ասպեկտները.
Արհեստական բանականությունն ու գերտաքացած ակցիաները. տեխնոլոգիական ոլորտը, հատկապես արհեստական բանականությանն առնչվող ընկերությունները, վերջին ամիսներին դարձել են ֆոնդային շուկայի աճի շարժիչ ուժը: Թեև Թալեբը դրական է վերաբերվում այնպիսի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականությունը ներուժին, նա թերահավատորեն է վերաբերվում դրանց շուրջ ստեղծված իրարանցումին: Թալեբը կասկածում էր, որ այս ընկերությունները կպահպանեն իրենց դիրքերը երկարաժամկետ հեռանկարում և զուգահեռներ է անցկացրել 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի «dot-com» ընկերեւթյունների (իր բիզնեսի մեծ մասը համացանցում իրականացնող կազմակերպությունների) պղպջակի հետ:
Գլոբալիզացիան որպես խոցելիության աղբյուր. տնտեսություններն այնքան են փոխկապակցվել, որ ցանկացած տեղական ճգնաժամ շեշտակիորեն տարածվում է այլ տարածաշրջանների վրա: Սա աշխարհն ավելի խոցելի է դարձնում գլոբալ ցնցումների նկատմամբ՝ դժվարացնելով կանխատեսումները։
Պարտքի բարձր բեռ. ԱՄՆ-ում պարտքի մակարդակը հասել է ՀՆԱ-ի 124%-ին՝ 34,14 տրիլիոն դոլար՝ մոտ 100 հազար ԱՄՆ դոլար յուրաքանչյուր բնակչի համար։ Սա, հնարավոր արտաքին ցնցումների հետ զուգակցված, կարող է տնտեսության վրա «մահվան պարույրի» արդյունքի հանգեցնել:
Թալեբն ընդգծում է, որ ճգնաժամերն, իբրև կանոն, անսպասելիորեն են տեղի ունենում: Անկայուն ժամանակաշրջանների սկզբում ներդրողները զգուշավոր են, բայց հետո մոռանում են ռիսկերի մասին և սկսում են անտեսել նախազգուշական միջոցները:
Նրա համոզմամբ՝ շուկայի ներկայիս վստահությունը հիշեցնում է նախկին փլուզումներից առաջ ստեղծված մթնոլորտը։
Վերջին տասնամյակի ընթացքում ներդրողները վարժվել են ցածր տոկոսադրույքներին և կենտրոնացել են ավելի ռիսկային ակտիվների վրա: Սակայն վերջին տարիներին նկատվող դրույքաչափերի աճով այս ռազմավարությունը կարող է վտանգավոր դառնալ: Շուկայի շատ մասնակիցներ պահպանողական գործիքների անհրաժեշտությունը շարունակում են թերագնահատել:
Թալեբը ներդրողներին խորհուրդ է տալիս նախապատրաստվել վատթարագույնին և շեշտը դնել հեջավորման վրա՝ պաշտպանելով ներդրողի ֆինանսական ներդրումները՝ նվազեցնելով ռիսկը այն գործարքների միջոցով, որոնք հատուցում են հիմնական ներդրումների կորուստները:
Ըստ Թալեբի՝ 2025 թվականը կարող է լինել այն տարին, երբ նրանք, ովքեր պատրաստ չեն անսպասելիին, կհայտնվեն ծանր անբարենպաստ իրավիճակում: Հիմնական դասը, որը Նասիմ Թալեբն է տալիս, այն է, որ վատթարագույնին պատրաստ լինելն ու զգուշությունը միշտ ավելի գերադասելի են, քան անխոհեմ լավատեսությունը:
Բացի տնտեսական կանխատեսումներից, Նասիմ Թալեբը պարբերաբար մեկ այլ բան է ընդգծում. գիտնականի կանխատեսումներից և գաղափարներից շատերն առնչվում են նրա «հակափխրունության» հայեցակարգի հետ:
Օրինակ, նա ընդգծում է, որ կենսաբանական և էկոլոգիական համակարգերը պետք է ներառեն լիառատությունը՝ հաղթահարելու համար անսպասելի ցնցումները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությունը կամ համավարակը:
Թալեբը նշում է, որ հաջող համակարգերը ոչ միայն դիմացկուն են ցնցումների նկատմամբ, այլև անորոշության պայմաններում ընդունակ են ավելի ուժեղ դառնալ: Օրինակ, համաշխարհային տնտեսությունը և մատակարարման շղթաները հարմարվել են COVID-19 համավարակի հետևանքով, որպեսզի ավելի քիչ կախված լինեն եզակի մատակարարներից՝ ուժեղացնելով նրանց դիմադրողականությունն ապագա ճգնաժամերի նկատմամբ:
Թալեբը հորդորում է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք ոչ միայն կդիմանան սթրեսին, այլև օգուտներ կքաղեն քաոսից: Նման մեխանիզմները, նրա համոզմամբ, առաջիկա տարիներին վճռորոշ կլինեն համաշխարհային առաջնորդների ընդունած որոշումների համար։