Փաշինյան-Սարգսյան փոխադարձ <<սիրո>> մասին
Դեկտեմբերի 10-ին դարի իրադարձությունն է տեղի ունեցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կամ հակառակը՝ «հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Դրանից առաջ էլ նրանք առավոտյան՝ եւս երկու պաշտոնյայի հետ, խրոխտ դեմքով այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։
Իրականում հոգու խորքում իրար հանդեպ, մեղմ ասած, համակրանք չտածող այս երկու պաշտոնյաները, փաստորեն, այնքան են ջերմացրել իրենց դիվանագիտական հարաբերությունները, որ չեն խոշում ոչ միայն իրար հետ «տեղ գնալ», այլեւ նույնիսկ վերջում հյուրընկալում են միմյանց ու «երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր քննարկում»։ Դրա վերաբերյալ երկու գերատեսչությունների մամուլի ծառայությունները հնչեղ հաղորդագրություններ են տարածում, որտեղ մնում էր միայն ավելացնել, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը խորացրին իրենց երկկողմ դիվանագիտական հարաբերությունները։
Դատելով, սակայն, կառավարության ու նախագահականի տարածած հաղորդագրություններից՝ այդ հարաբերությունները կարծես թե միայն նախագահականում են երկկողմ ու հավասարաչափ խորացել, քանզի կառավարության հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը մենախոսություն է ունեցել նախագահի հետ, ու վերջինս որեւէ բառ չի ասել, միայն ուշադիր լսել է մեծն վարչապետին։ Ահավասիկ, վարչապետի primeminister.am կայքում ընդամենը նշված է, որ վարչապետը հանդիպել է նախագահի հետ, որտեղ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Պարոն նախագահ, ուրախ եմ այսօրվա հանդիպման համար․․․»։ Ու մի քանի պարբերություն վարչապետի խոսքից։Հաղորդագրությունն ավարտվում է ոչինչ չասող հետեւյալ նախադասությամբ․ «Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր»։ Կարդալով կառավարության տարածած այս հաղորդագրությունը՝ միանգամից հարց է ծագում՝ իսկ Արմեն Սարգսյանը ոչինչ չի՞ ասել։
Բայց, բացելով նախագահականի կայքը, տեսնում ենք, որ Արմեն Սարգսյանն էլ է խոսք ասել, լուռ չի նստել ու վարչապետին լսել։ prezident.am-ում հավասարապես ներկայացված է թե՛ նախագահի խոսքը, թե՛ վարչապետի։ Իսկ կառավարությունում երեւի թե իրենց պատվից վեր են համարել «ինչ-որ» նախագահի խոսքից գոնե մի երկու մեջբերում անել իրենց հաղորդագրության մեջ։ Սա եւս խոսում է այն հատուկ վերաբերմունքի մասին, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը տածում են նախագահականի ու անձամբ նախագահի հանդեպ։
Նախագահականում էլ, բնականաբար, տպավորված չեն Նիկոլ Փաշինյանով ու նրա հեղափոխական թիմով, բայց այդ մասին չեն բարձրաձայնում՝ էթիկան պահպանում են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կաբինետում չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանից «նվեր» մնացած Արմեն Սարգսյանի փոխարեն կարող էին ունենալ իրենց ավելի հոգեհարազատ նախագահ, եթե ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա քայլող «հրաշամանուկներից» որեւէ մեկը։ Մյուս կողմից էլ՝ խոսում են այն մասին, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների ճանապարհով է գնում, եւ Արմեն Սարգսյանին այդ պատճառով են նաեւ «փաղաքշում»։ Ամեն դեպքում, ինչպես ցույց են տալիս այսօրինակ շփումները, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը եկել են կոմպրոմիսի մի հարցում, որ Սարգսյանը պետք է մաքսիմալ չեզոք ու անհաղորդ մնա հայաստանյան ներքին կյանքին, եթե ուզում է պահպանել իր կարգավիճակը։
Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ իշխանականների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ծանր են տանում նախագահի վոյաժները երկրե-երկիր, պաշտոնական հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների հետ, ելույթները այլեւայլ միջազգային հարթակներում։ Թերեւս մտածում են՝ այս հաճելի զբաղմունքով կարող էին իրենք զբաղվել, ասենք՝ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը կարող էր կյանքի ավարտին կրկին բազմել նախագահի աթոռին, ստիպել, որ Սահմանադրությունը փոխեն՝ ուժեղացնելով նախագահի լիազորությունները։