Փաշինյանի ձեռը կրակ են ընկել թե գերատեսչությունները, թե իր կողմնակիցները. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի խմբագիր  Արմինե Օհանյանը գրում է.

«Ի՞նչ իմաստ ունի շարունակ խոսելը, եթե ամեն անգամ բերանդ բացելուց կամ անթույլատրելի սխալներ ես անում, կամ` փոթորկում հանրային կարծիքը: Եթե գոնե այդ «դարակազմիկ» մտքերն ինչ-որ դեր խաղային, ինչ-որ հարցերի լուծմանը նպաստեին, կարելի էր արհամարհել այդ շաղակրատանքը: Բայց դրանք հիմնականում անթույլատրելի, ոչ կոռեկտ, մեծ թվով մարդկանց ինքնասիրությունը վիրավորող, սխալ, վտանգավոր մտքեր են, մեր թշնամիների ու հակառակորդների շահերից բխող: Եթե խոստումներ է տալիս` մեծ մասը կատարման ենթակա չեն, եթե տեղեկություններ է հաղորդում` մեծ մասը ճշտված չէ, եթե փորձում է կաղապարներ կոտրել, իբր` անցյալի բեռից ազատել` մեր պատմության, ազգային արժանապատվության դեմ ոտնձգություններ են:

Իսկ գերատեսչություններն ուղղակի ձեռը կրակն են ընկել` ինչ որ բան է հայտարարում, հետո սկսում են օրենք ու ծրագիր համապատասխանեցնել իր ասածին: Օրինակ, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը…հիմա ԿԳՄՍՆ-ն` որտեղ մի պատուհանի ապակի է փոխում, բերում մտցնում է այդ ցանկի մեջ` իբրեւ թե դպրոցը վերանորոգվել է: Պարզաբանումներ է հնչեցնում, իբրեւ թե աչքալուսանք է տալիս, պարզվում է` նման բան չկա, ինչպես օրինակ` մեր վճարված հարկերից հետ վերադարձի մասին ասածը:

Բայց իհարկե, ամենաանհանդուրժելին մեր պատմության, պետության, մեր արժեքների դեմ ոտնձգություններն են` «պետք է դեռ հասկանանք ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ», «պարտությունը մեզ անկախանալու հնարավորություն է տվել», «Ղարաբաղի հարցը թոկի ձեւով Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել»…Յուրաքանչյուր ասված միտք հետո ողջ ՔՊ-ով, պետական կառույցներով, ինքն` անձամբ, օրեր շարունակ սկսում են հերքել ու պարզաբանել, թե` դուք սխալ եք հասկացել:

Իր կողմնակիցներն էլ են ձեռքը կրակն ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն ու հերքեն, ոնց դուրս գան ստերի տակից: Ի վերջո, երբ չգիտես ինչ ասել, չես տիրապետում նյութին, չես կարողանում կանխատեսել քո ասածն ինչ հետեւանք կունենա` լռիր: Խոսելու համար խելքը չի հերիքում, լռելու համա՞ր էլ չի հերիքում: Մի ասացվածք կա․ «Ավելի լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել»: Այս պարագայում անգամ անիմաստ չէ, այլ` խիստ վնասակար ու վտանգավոր»։

Share This