Փաթեթը մնաց փշալարերին
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակում ծառայություն իրականացնող ծառայողը զեկուցել է, որ արտաքին պահպանության 2-րդ տեղամասի պարսպին է մոտեցել անհայտ անձ և կատարել ներնետում հիմնարկի բնակելի գոտի։
ՔԿ ծառայության տեղեկացմամբ՝ անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ կախված հիմնական պատի փշալարից։ Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է եղել 3 բջջային հեռախոս։
Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են վերոնշյալ տարածքի կրկնակի տեղազննում։ Արդյունքում բնակելի գոտու տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային ևս մեկ փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս և 1 բաժանորդային քարտ։
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։