Ցիտրուսներում պարունակվող նոբիլետին նյութը օգնում է պայքարել ճարպակալման դեմ.
Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ նոբիլետին նյութը, որը պարունակվում է նարնջի եւ մանդարինի մեջ, կարող է դանդաղեցնել քաշի ավելացումը եւ նվազեցնել դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը մկների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Lipid Research (JLR) ամսագրում:
Փորձի ընթացքում կրծողներին բաժանել են երկու խմբի, իսկ հետո բարձր կալորիականությամբ սննդակարգ են տվել՝ ճարպ հավաքելու համար։ Դիետիկ միջամտության ժամանակ մկների մի խմբին տրվել է նոբիլետին՝ բնական ֆլավոնոիդ, որը հիմնականում պարունակվում է ցիտրուսային պտուղների կեղեւում:
Գիտնականների կարծիքով՝ արդյունքները տպավորիչ են. չնայած նույն սննդակարգին՝ նոբիլետին ստացող կրծողները մնացել են նիհար: Նրանք նաեւ ունեցել են արյան լիպիդների ավելի ցածր մակարդակ եւ ինսուլինի նկատմամբ բարձր զգայունակություն:
Երբ նյութը տվել են այն կենդանիներին, որոնք արդեն ճարպակալում ունեին, նրանց վիճակը նույնպես բարելավվել է։ Մասնավորապես, զարկերակներում կրճատվել է ճարպային «բշտերի» քանակը, ինչը նվազեցրել է կաթվածի եւ ինսուլտի հավանականությունը։
Հետազոտության սկզբում գիտնականները կարծում էին, որ նոբիլետինը ակտիվացնում է AMP-կինազա ֆերմենտը, որը պատասխանատու է ճարպերի քայքայման համար, սակայն հետագա փորձերը ցույց են տվել, որ նյութի ազդեցության մեխանիզմը տարբեր է։ Այս ֆլավոնոիդի թերապեւտիկ ազդեցության մեխանիզմները պարզելու համար գիտնականները նախատեսում են ուսումնասիրել դրա ազդեցությունը մարդկանց վրա: