Ցածր ածխաջրային դիետաները բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը.
Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր ածխաջրային սննդակարգը կարող է մեծացնել ԴՆԹ-ն վնասող մանրէների ազդեցությունը՝ դրանով իսկ մեծացնելով կոլոռեկտալ քաղցկեղի վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology ամսագրում։
Փորձի ընթացքում գիտնականները մկներին բաժանել են խմբերի, որպեսզի հետեւեն երեք տեսակի սննդակարգի՝ սովորական, ցածր ածխաջրերով եւ արեւմտյան (ճարպով եւ շաքարով հարուստ): Հետազոտողներն այնուհետեւ բոլոր կրծողներին ներարկել են աղիքային ցուպիկի մի շտամ, որը կոչվում է Nissle, որն արտադրում է ԴՆԹ-ին վնասող կոլիբակտին միացությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ սննդակարգում ածխաջրերի (ներառյալ մանրաթելերի) պակասը մեծացրել է աղիների բորբոքումները եւ ստեղծել միջավայր, որտեղ աղիքային ցուպիկը բարգավաճել է:
Պարզվել է նաեւ, որ մկների մոտ, որոնք ածխաջրեր չեն օգտագործում, լորձի շերտը, որը բաժանում է աղիքի մանրէները հաստ աղիի էպիթելային բջիջներից, ավելի բարակ է եղել: Երբ այդ բնական պատնեշը թուլացել է, ավելի շատ կոլիբակտին է թափանցել հաստ աղիի բջիջներ՝ պատճառելով գենետիկական վնաս եւ խթանելով քաղցկեղային ուռուցքների աճը։
Հետազոտողների խոսքով՝ քաղցկեղի զարգացման նման մեխանիզմներ կարող են լինել մարդկանց մոտ։ Այս վարկածը հաստատելու համար գիտնականները ծրագրում են նոր փորձ. թիմը ցանկանում է պարզել, թե արդյոք ինուլին կոչվող լուծվող մանրաթելային բջջանյութը կարող է պաշտպանել քաղցկեղից աղիների բորբոքային հիվանդություն ունեցող պացիենտներին։