Վնասակար սովորությունները կանանց մոտ ավելի հաճախ են առաջացնում սրտի հիվանդություններ, քան տղամարդկանց մոտ.
Սանիբրուքի բժշկական գիտությունների կենտրոնի (Կանադա) գիտնականները պարզել են, որ վատ սննդակարգը, վատ քունը, ծխելը եւ ապրելակերպի այլ անառողջ գործոններն ավելի մեծ ազդեցություն են ունենում կանանց սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի վրա, քան տղամարդկանց: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանության ամերիկյան քոլեջի (ACC) կայքում:
Հետազոտությանը մասնակցել են 175 հազար կանադացիներ, որոնք սկզբնական շրջանում չեն ունեցել սրտի հիվանդություն: Հետազոտողները կենտրոնացել են սրտի եւ անոթային հիվանդությունների ռիսկի ութ գործոնների վրա՝ դիետա, քնի որակ, ֆիզիկական ակտիվության մակարդակ, արյան մեջ գլյուկոզի եւ լիպիդների մակարդակ, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ արյան ճնշումը:
Հետազոտության մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախված իրենց առողջական վիճակից յուրաքանչյուր ռիսկի գործոնի համար: Բոլոր ութ գործոնների վերաբերյալ իդեալական միավորներ ունեցող կամավորները դասակարգվել են առողջության օպտիմալ խմբում, միջանկյալ միավորներ ունեցողները՝ միջին առողջության խմբում, իսկ ամենավատ միավորները՝ վատ առողջություն ունեցողների խմբում:
Մասնակիցները դիտարկվել են ավելի քան 11 տարի: Տարիների ընթացքում գիտնականները հետեւել են սրտի հիվանդության դեպքերին, ներառյալ սրտի կաթվածը, ինսուլտը, անկայուն ստենոկարդիան, ծայրամասային զարկերակների հիվանդությունը եւ սրտի անբավարարությունը:
Ինչպես եւ սպասվում էր, երկրորդ եւ երրորդ խմբերի կամավորներն ավելի հաճախ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով։ Սակայն այդ ռիսկն ավելի ցայտուն է եղել կանանց մոտ։ Վատ առողջական վիճակի խմբի մասնակիցները գրեթե հինգ անգամ ավելի շատ են հակված եղել սրտային հիվանդություններ ունենալուն, քան լավ առողջություն ունեցող կանայք: Ընդ որում՝ առաջին եւ երրորդ առողջական խմբերի տղամարդկանց միջեւ ռիսկը տարբերվել է ընդամենը 2,5 անգամ։Հետազոտողներն ընդգծել են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ավելի լավ հասկանալու համար տարբեր գործոնների ազդեցությունը տղամարդկանց եւ կանանց առողջության վրա՝ հաշվի առնելով հնարավոր կենսաբանական եւ սոցիալ-մշակութային տարբերությունները: