<<ՀՐԱՊԱՐԱԿ>>. ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը: Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա եւ վերադառնում, հիմա ե՛ւ դասավանդում է, ե՛ւ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաեւ մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաեւ Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Զավակներն էլ սեպտեմբերից Մոսկվայում են դպրոց հաճախում։ Սողոմոնյանի փոխարեն Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի գործառույթներն իրականացնում է Բագրատ Միկոյանը։

Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց` չի արտագաղթել, պարզապես ավելի հաճախ ու երկար է լինում Մոսկվայում։ Ապա մանրամասնեց․ «Ընտրություններից հետո մեկնեցի, որովհետեւ ազատ ժամանակ առաջացավ։ Հետաձգված գործեր կային, կարծես թե մեծ մասն արել եմ։ Շարունակում եմ դասավանդել МГИМО-ում, դասախոսություններիս նյութերով գիրքն եմ ավարտել, որը կհրապարակվի արդեն գարնանը, Մոսկվայում։ Russia Today-ի հետ եմ համագործակցությունս խորացրել եւ ընդլայնել»։ Հաստատեց նաեւ կինոինդուստրիայով զբաղվելու տեղեկությունը՝ նշելով, որ կինոդիտողների համար գալիք տարում անակնկալ ունի պատրաստած։ Վերջում հավելեց, որ մոտ օրերս գալու է` Ամանորը դիմավորելու է Երեւանում։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )