«Վերջը մոտ է». Քաբուլը կարող է դառնալ առաջին խոշոր քաղաքը, որը կմնա առանց ջրի մինչև 2030 թվականը

Քաբուլը՝ ավելի քան 6 միլիոն բնակչություն ունեցող Աֆղանստանի մայրաքաղաքը, կանգնած է էկզիստենցիալ ջրային ճգնաժամի շեմին։ Mercy Corps-ի զեկույցի համաձայն՝ քաղաքում ստորերկրյա ջրաշերտերը վերջին տասնամյակում իջել են մինչև 30 մետր, իսկ ջրառի ծավալը գերազանցում է բնական վերալիցքավորումը տարեկան շուրջ 44 միլիոն խորանարդ մետրով։
ՈւՆԻՍԵՖ-ը զգուշացնում է, որ Քաբուլի ջրաբաշխիչ հորերի մոտ կեսը արդեն չորացել է, իսկ մնացածն աշխատում են միայն մասնակի հզորությամբ։ Հողի տակ եղած ջրի մինչև 80%-ը աղտոտված է կեղտաջրերով, աղով և մկնդեղով։ Արտաքին օգնության բացակայության, կլիմայական աղետների և պատժամիջոցների պատճառով քաղաքի ջրային ենթակառուցվածքներն անմխիթար վիճակում են։
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, Քաբուլը մինչև 2030 թվականը կմնա առանց ջրի՝ ստիպելով տեղահանել մինչև 3 միլիոն մարդ։ Միևնույն ժամանակ, տեղացի հարուստներն ավելի խորը հորեր են փորում, մինչ աղքատները հերթերով ջուր են որոնում գիշերներով։ Կլիմայական փոփոխությունները, շարունակվող երաշտները և ձյան վաղ հալումը էլ ավելի են խորացնում ճգնաժամը, գրում է Al-Jazeera-ն։