Վերջապես պարզեցինք

Մարզահամերգային համալիրի գետնանցումը, որը գտնվում է Կիեւյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում, Երեւանի 4 վերանորոգվող գետնանցումներից է։ Սակայն տպավորություն է, որ այն ոչ թե սարքում են, այլ միայն քանդում՝ ավելացնելով տարածքում շինարարության աղբը։ Բահերը, սալիկները ոտքի տակ թափված են, տարածքը սահմանազատված չէ, եւ մարդիկ անցուդարձ են անում փլատակների միջով։ Այս վայրագ շինարարությանն անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում։ Մի հետաքրքիր դետալ էլ՝ շինարարական աղբը հավաքում են «Բաղրամյանի ալյուր» տպագրատառ պարկերի մեջ ու լցնում նույն գետնանցման տարածքում։
Երեւի աղբի պարկերը ձեռք են բերել Սամվել Ալեքսանյանի համանուն գործարանից։ Ովքե՞ր են այս «ալրագործները», ո՞ր կազմակերպություններն են վերանորոգում Մարզահամերգային համալիրի հարակից գետնանցումը։ Երեկ քաղաքապետարանը, պատասխանելով «Հրապարակի» հարցմանը, հայտնեց․ «Տեղեկացնում ենք, որ Հալաբյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցման վերանորոգումն իրականացնում են «Նագշին» եւ «Քիմպաշտպանություն» ՍՊԸ-ները»։ «Նագշին» ՍՊԸ տնօրեն Նարեկ Գրիգորյանի հետ հաջողվեց խոսել։ Նրան բարկացրել են մեր հրապարակումները։ Ասաց, որ շինարարական աղբը պարբերաբար կուտակվում է եւ մի քանի օրը մեկ տարհանվում, իսկ տարածքը, ընդհանուր առմամբ, մաքուր է՝ սահմանազատված կարմիր ժապավեններով, անվտանգության կանոնները պահպանված են։ Բայց մենք նկարել ենք, որ ժապավենները քարշ են գալիս գետնով։ Մեր առարկությանը տնօրենը հակադարձեց, թե հնարավոր է՝ գիշերով եկել ենք, պոկել ժապավենը, գցել գետնին ու հեռացել։ «Միշտ էլ մաքուր է եղել այս տարածքը։ Տոպրակներն աշխատողները գնում են տարբեր փռերից։ Լավ, կասենք, որ սրանից հետո էլ ալյուրի տոպրակների մեջ աղբ չլցնեն»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։

Նա պնդում էր, որ իր կազմակերպության անունն անձամբ իր ձեռքով փակցրել է շինհրապարակում, մինչդեռ մենք գրել ենք, որ շինարարի անունը ոչ մի տեղ փակցված չէ։ «Ես ինքս եմ փակցրել մեր ընկերության անունն ու մեր պայմանագրի համարը։ Այնտեղ այնպիսի օր չի եղել, որ մենք չաշխատենք։ Ձեր նկարագրած տեսարանն իրականությանը չի համապատասխանում»,- ասում էր Նարեկ Գրիգորյանը։ Լավ է, որ լուսանկարները պահել ենք, թե չէ ինքներս էլ կասկածների մեջ կընկնեինք

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )