Վարչապետը հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը. Մանե Գևորգյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց Փաշինյանը սպասել է, որ Շուշին ընկնի, նոր երեկվա ընդունված հայտարարությունը ստորագրի
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։
Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։
Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։
Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»,- գրել է Գևորգյանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: