Վարդապետյանն այս անգա՞մ էլ պատասխանատվություն չի կրի. ո՞վ է Փաշինյանի գրառման իրական հասցեատերը

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունների դեպքից անցել է երկու օր, սակայն հանցագործության կատարողն ու ենթադրյալ պատվիրատուն չեն հայտնաբերվել: Այսօր էլ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել համայնքում: Բնակիչների խոսքով, սակայն իրավապահների գործողությունները ժամանակավրեպ են՝ հաշվի առնելով, որ համայնքում շուրջ մեկ տարի է քրեածին իրավիճակ է և որևէ քայլ  չի ձեռնարկվել կանխելու մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց դեպքերը:

Թերևս բացառություն է այս համայնքում սեպտեմբերի սկզբին կատարված բացահայտումը, երբ իրավապահները ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի մոտ զենք և թմրանյութ հայտնաբերեցին և դեպքի հանրայնացման արդյունքում, ստիպված եղան կատարվածին իրավական գնահատական տալ:

Համաձայն մամուլում հրապարակված տեղեկությունների՝ սեպտեմբերի 4-ին պարեկները կանգնեցրել էին Նարեկ Մկրտչյանի եղբոր Maserati Levante մակնիշի ավտոմեքենան, ինչի ընթացքում Մկրտչյանը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել էր կողքը նստած տղամարդուն։ Պարեկներն իջեցրել էին մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել էր ու փախել էր՝ ընթացքում ձեռքից գցելով այն:

Պարեկները վերցրել էին պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ որոշ տեղեկությունների, թմրանյութ էին հայտնաբերել։ Դեպքից երկու օր անց Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության համար:

Նարեկ Մկրտչյանի անունը մամուլում հիշատակվեց նաև այս տարվա փետրվարին Փարաքարում տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց դեպքից հետո:

Մասնավորապես փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցների հետևանքով  սպանվեց այն ժամանակվա ՔՊ-ական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Քրեական գործով ներկայում կան մեկ տասնյակից ավելի մեղադրյալներ, որոնք Վալոդյա Գրիգորյանի մտերիմներն են: Ըստ մամուլի հրապարակումների՝  Մհեր Ախտոյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» սանիկն է, սակայն  2018 թվականի իշխանափոխությունից հետո անցել է ՔՊ-ի շարքերը և դարձել ծնունդով Փարաքարից Նարեկ Մկրտչյանի հովանավորյալը:

Այն, որ համայնքում տիրել է քրեածին իրավիճակ և «բեսպրեդել», չեն թաքցնում անգամ բնակիչները, սակայն թե այս ընթացքում ի՞նչ գործողություններ են իրականացվել իրավիճակը գնահատելու և հնարավոր հանցագործությունները կանխելու համար, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ համայնքապետի սպանությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը՝ փորձելով քննության սլաքներն ուղղել «վենդետայի» վարկածի ուղղությամբ:

«Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»,-գրել էր վարչապետը:

Ուշագրավ է, որ ողբերգական դեպքից և վարչապետի գրառումից հետո օրակարգ նետվեց ՆԳՆ նախարարի և ոստիկանապետի հրաժարականի պահանջի հարցը, մինչդեռ իրավաբանությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտի, որ երկրում հանցագործությունների նախականխման, կանխման ամենամեծ լիազորությունն ու գործառույթն ունի գլխավոր դատախազությունը, և հենց գլխավոր դատախազի ցուցումով կամ նախաձեռնությամբ պիտի վերլուծվեր Փարաքարում առկա քրեածին իրավիճակը և ըստ այդմ հանձնարարական տրվեր օպերատիվ հետախուզական մարմիններին՝ գործողություններ ձեռնարկել համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հնարավոր հանցագործությունները կանխելու համար:

Ընդ որում, նշված հանձնարարականները կարող էին բխել նաև Փարաքարում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նախաձեռնված և արդեն իսկ քննվող քրեական վարույթներից, եթե դրանց օրինականության նկատմամբ դատախազությունն իրականացներ պատշաճ հսկողություն՝ քրեական վարույթի ընթացքում և արդյունքում ապահովելով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանություն:

Համաձայն դատախազության կանոնակարգի՝  դատախազությունն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի մասին համալիր վերլուծություն, ապահովում օրինականության և առկա հասարակական հարաբերությունների վիճակի մասին տեղեկության հավաքումը, ամփոփումն ու վերլուծությունը:

Աննա Վարդապետյանը, որը դեռևս 2022 թվականին Ազգային ժողովում ընտրվելով գլխավոր դատախազ, երդվել էր անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը և իր գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, այսօր դիտորդի կարգավիճակում հետևում է մեր երկրում կատարվող արյունոտ իրադարձություններին՝ հավանաբար հույս ունենալով, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի ուսերին, որին փոխելու համար Նիկոլ Փաշինյանը հենց Վարդապետյանի խորհրդով տևական ժամանակ է կադրային փնտրտուքների մեջ է:

Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո էլ են Ազգային ժողովում Աննա Վարդապետյանին ընտրած ՔՊ-ական պատգամավորները կանգնելու «ընտրյալ» դատախազի կողքին, ատամներով պաշտպանելու նրան, թե՞ համարձակություն կունենան դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել և ընտրություններից առաջ փրկել իշխանությունների դեմքը:

Ի դեպ՝ վերջին շրջանում համացանցում որոշ օգտատերեր՝ հիմնականում ՔՊ-ի լոգոներով ֆեյքեր, օրակարգ են փորձում նետել Աննա Վարդապետյանին հաջորդ վարչապետ «ընտրելու» հարցը՝ որպես վարչապետի նախկին օգնականի գլխավոր արժանիք նշելով «ապօրինությունների և անարդարության դեմ անզիջում պայքարը»:

Share This