Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց
ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրենքի նախագիծը:
ԱԺ նիստում այսօրվա նիստում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը նիստի օրակարգ չընդունվեց 40 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ առաջարկվում է օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը:
ՀՀ կառավարության կարծիքով՝ տասնհինգ տոկոսը փոխելով քսանհինգով՝ խնդիրը չի լուծվի, քանի որ այն, ըստ էության, կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե, օրինակ, հանրության գերակա շահի համար օտարվող գույքը նրանց եկամուտների միակ աղբյուրն է, թե ոչ: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Նախագիծը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: