Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հղի կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար․ Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։ Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։ Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ»,- ասված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )