ՍՈՉԻԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՀԵՏՈ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼՈՒ Է ԻՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հարցազրույց Սոֆյա Հովսեփյանի հետ
– Տիկին Հովսեփյան, Դուք է՞լ եք դուրս գալիս «Ազատագրական շարժումից»։
-Չէ, երբ դուրս գամ, այդ մասին հրապարակում կանեմ, որ մարդիկ իմանան։
-Այսինքն՝ չե՞ք բացառում։
-Այս պահին բացառում եմ։
-Ինչպես հայտնի է՝ «5165»-ն է դուրս եկել, գուցե Կարին Տոնոյանի հե՞տ եք գնում՝ «5165»-ի հետ, բայց ընդհանուր ձևաչափից հեռանում եք։
– Ես Կարինի հետ չեմ եղել, որ գնամ, և մնում եմ նախկին ձևաչափում։ Ես Կարին Տոնոյանի հետ մարզային այցելություններին կլինեմ, և դա ընդհանուր շարժման տրամաբանության մեջ է մտնում։ Մարզային այցելություններ, հանրային միջոցառումներ, հանրային քննարկումներ, հանրահավաքներ և այլն։ «5165»-ը դեռ որոշում է, թե ինչ են անելու, իրենք ասում են՝ հանդիպումներ պետք է ունենան։ Ես չգիտեմ՝ ում հետ, ինչպես, ինչու, ինձ հետ չի քննարկվել, դա իրենց շարժման անելիքն է։ Բայց եթե կարիք եղավ, որ ես և մյուսները պետք է այդտեղ լինենք, իհարկե, պետք է լինենք։ Եթե կարիք լինի։ Երբ, օրինակ, ինչ-որ տեղ ինչ-որ բան անեն, ապա «Ազատագրական շարժումն» ամբողջությամբ կներգրավվի։ Եթե պետք լինի, որ մի մասս մի մարզում գնանք, ապա՝ կբաժանվենք, ամեն մեկս կգնա, կանի, բայց նույն գաղափարի և նույն նպատակի համար։ Այսինքն, ես` որպես այդպիսին, բոլորի հետ եմ, ոչ թե մի կեսի հետ չեմ, մի կեսի հետ եմ։ Ես կուսակցական չեմ, որ․․․ իմ ընկերներն են բոլորը, և ինձ համար էական նշանակություն ունի նպատակը։
-Իսկ, այնուամենայնիվ, կա՞ն ինչ-որ տարաձայնություններ շարժման ներսում։
-Ամենևին։ Դրա համար էլ զարմացա Ձեր հարցից։
-Ձեր վարկածը՝ ինչո՞ւ հեռացավ «5165»-ը։
-Իրենք մանրամասն խոսեցին էդ մասին։ Կետերի բարձրաձայնումից հետո եթե որևէ կերպ բավարարվի, իսկ իրենց մոտ առաջնահերթությունը փաստաթղթի հրապարակումն էր, դրանից հետո, երբ դրվեցին մյուս պահանջները, որոնց նաև իրենք միացան ու գնացին ճյուղավորված ցանցային գործունեության։ Այսինքն՝ մի մասը գնաց դեպի մարզային այցելություններ և գործողություններ, մյուս մասը գնաց գործողության ճանապարհով։
-Սոչիից հետո կա նաև Բրյուսել։ Բրյուսելը նույնքան անհանգստացնո՞ւմ է Ձեզ։
-Մեզ իր ցանկացած ուղևորություն անհանգստացնում է, որովհետև փաստացի Սոչիի անցանկալի համաձայնագրից հետո Բրյուսելում լեգիտիմացնելու է իր անհասկանալի որոշումները։ Եվ միակ հույսն այն է, որ գոնե Բրյուսելի հանդիպման ժամանակ գուցե պնդեն, և լինի միջազգային փորձագետների ներգրավվածություն՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում։ Իհարկե, այստեղ էլ արդեն հարցը կկանգնի, թե որքանով մենք տեր կկանգնենք այդ գործողության նորմալ ու պատշաճ իրականացմանը, որպեսզի Հայաստանի համար ճգնաժամային ու խնդրահարույց իրավիճակներ չստեղծեն։
-Ամփոփենք․ մի քանի հասարակական-քաղաքական գործիչներ միավորվեցին, 3-4 օր համատեղ բողոքի ակցիաներ արեցին, բայց հետո շարժումը պառակտվեց։ Սա հետագայում ընդդիմադիր պայքարի համար վատ նախադեպ չէ՞։
-Իրականում շարժումը չի պառակտվել, նորից եմ կրկնում՝ շարժումն ընդամենն իր գործողությունների պլանն է փոխել։ Մենք սկսել ենք Սյունիքի մարզ այցելությունից, ընդհանուր մոտ 10-օրյա գործընթաց է տեղի ունեցել։ Հաջորդ երկուշաբթի նորից ունենք հանրահավաք, իսկ մինչ այդ նորից գործողություններ կան, որոնց մասին թույլ տվեք չխոսել։
-Իսկ, օրինակ, որ Սեյրան Օհանյանը, Հայկ Մամիջանյանը գալիս էին, բայց ամբիոնից նրանց քաղաքական ուժերին ուղղված, մեղմ ասած, քննադատող ելույթներ էին հնչում, և նրանք թողնում-գնում էին, դա չի՞ կարող չազդել մարդկանց քանակի վրա։
-Չեմ կարող ասել, պետք է ուսումնասիրել, նոր պատասխանել, բայց կարծում եմ՝ եթե հարթակ ես հրավիրում ցանկացած մարդու, չես կարող վերահսկել, որքան էլ ուզում ենք ասել, որ նախկին ու ներկայի հարց չէ, այստեղ նպատակը լրիվ այլ է։ Միևնույն է, երբ մարդիկ հասնում են ամբիոնի մոտ, կարող են նաև նման բաներ հնչեցնել։ Արտահայտություններ, որոնք որ կան։ Ի դեպ, ես չէի էլ բացառի, որ էդ արտահայտությունները կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, իրականությունից փախչել հնարավոր չէ։ Եվ պետք է իրականության հետ իրենք հաշտվեն և ընդունեն, որ կա նման խնդիր, որն ավելի շուտ կհաղթահարեն, քան անընդհատ հակադարձեն և փորձեն ինչ-որ կերպ հերքել, թե դա խնդիր է։
-Այն, որ Սոչիում «միջանցք» բառը չօգտագործվեց, թեև Պուտինն ասաց՝ տնտեսական միջանցք, իշխանականների կողմից ներկայացվեց որպես մեծագույն ձեռքբերում, հետո Ալիևն ու Էրդողանը Աշխաբադի տնտեսական համաժողովի մասնակիցներին հրավիրեցին «Զանգեզուրի միջանցքը» գործարկելու։ Կարծում եք, միջանցքն օրակարգից հանվա՞ծ է։
-Միանշանակ, հանված չէ, որովհետև նախ, Պուտինն իր խոսքում նշեց, երկրորդը՝ երբ խոսվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի հետ կապված, այնտեղ էլ էր նշված միջանցքը, այսինքն, պետք է որ՝ բացի կոմունիկացիաները, ռուսական զորքի վերահսկողության տակ լինի, իսկ սա նշանակում է, որ այն ամեն վայրկյան կարող է վերածվել միջանցքի։ Նույնը նաև այստեղ է խոսվում, որ պետք է բացվեն ճանապարհները։ Եվ միայն «Զանգեզուր» բառը չկա․․․