Սիրիայի անցումային նախագահը Մակրոնից հրավեր է ստացել

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնից հրավեր է ստացել առաջիկա շաբաթներին պաշտոնական այցով լինել Փարիզում։ Այս մասին Սիրիայի ղեկավարի գրասենյակը հայտնել է Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցից հետո։

Գրասենյակի տվյալներով՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «լիակատար աջակցություն է հայտնել Սիրիայի անցումային փուլին»։

«Նախագահները քննարկել են Սիրիայի անվտանգության հետ կապված մտահոգություններն ու դրա կայունությունը պահպանելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում էին սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել էին Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական էր տվել Սիրիայի նախագահի պաշտոնից ու լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, ով ղեկավարում էր «Փրկության կառավարությունն» Իդլիբ նահանգում, հայտարարել էր իր նշանակման մասին Սիրիայի անցումային կաբինետի ղեկավարի պաշտոնում։ Պաշտոնավարումը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։ Սիրիայի փաստացի առաջնորդը դարձել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է նաև Աբու Մուհամմադ ալ-Ջուլիանի մականունով։
Share This