ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն աբսուրդ է. ԲՀԿ–ն դեմ կքվեարկի. Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նշեց, որ նախագիծն աբսուրդ է: «Մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել չկատարած աշխատանքի համար: Ինչի՞ համար են խրախուսում, որ համաձայնի, գնա տանը նստի և թոշակներն ու գումարները ստանա՞: Դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ եթե դատավորը հանցանք է կատարել, չի համապատասխանում, պետք է ազատել աշխատանքից, ոչ թե նման առաջարկ անել: Հարցին ,թե նախագծի հեղինակները նշում են, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, և այս նախագծով լուծում են այդ ճգնաժամը, Գագիկ Ծառուկյանն արձագանքել է. «Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, բայց այդպիսի որևէ բան չկա: Մենք չգիտենք՝ խնդիրը որն է: Առանց աշխատելու, առանց որևէ գործ կատարելու, դա ի՞նչ է»: