Սալոմեի սկանդալը՝ հարևանների հետ սահմանների հարցում
Վրաստանի նախագահը երեկ սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել, կապված Վրաստանը և հարևանների հետ խնդրահարույց սահմանների մասին:
Վրաստանը խնդրահարույց սահմաններ ունի ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ, Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` հերթական աղմկալի սկանդալի պատճառ դառնալով: «Նախ պետք է հստակեցնել մեր սահմանները, ապա դրանք պաշտպանել: Մենք խնդրահարույց սահմաններ ունենք ոչ միայն հակամարտության գոտիների, այլև Ադրբեջանի և Հայաստանի հետ: Նախկինում այդ երկրների հետ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներ էին գործում: Հետագայում, սակայն, դրանք ինչ-ինչ պատճառներով դադարեցրել են աշխատանքը», – պնդում էր Վրաստանի նախագահը:
Այսպես, հեռուստաեթերում Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին: Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ:
«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այդ գործընթացը մեր բարեկամական երկրների հետ: Հենց այդպես էլ նշվել է երկու երկրների նախագահների հետ պաշտոնական համաձայնագրերում, որ մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ, այն, ինչ հիմա փաստացի տեղի է ունենում: Դա շատ կարևոր է: Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես հիմա չեմ կարող ասել, և սխալ էլ կլինի ասել, որ սահմանը կանցնի այստեղով կամ այնտեղով, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար պետք է նախ հստակեցնել մեր սահմանները, ապա պաշտպանել դրանք: Հակառակը լինել չի կարող»,-նշել է Վրաստանի նախագահը: Փաստորեն, Վրաստանի նախագահի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովներն աշխատել են այդ ուղղությամբ և հասել են որոշակի նվաճումների, սակայն հետագայում գործընթացը սառեցվել է:
Սալոմե Զուրաբիշվիլիի վերոնշյալ ելույթը իսկական ներքաղաքական փոթորիկ է առաջացրել Վրաստանում և զայրույթի թեմա դարձել: Վրացական ընդդիմության առաջնորդների համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ Աբխազիան և Հարավային Օսիան նույն հարթության վրա դիտարկելով` երկրի նախագահը անուղղակիորեն ճանաչել է վերջինների անկախությունը:
Առաջիններից մեկն այս մասին հայտարարեց «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: «Վրաստանը ոչ Աբխազիայի և ոչ էլ Ցխինվալիի տարածաշրջանի հետ սահմաններ չունի: Գուցե տիկին նախագահը տեղյակ չէ, որ Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը Վրաստանի անքակտելի մասն են կազմում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են: Ինչպե՞ս կարելի է հայտարարել սեփական տարածք համարվող շրջանների հետ պետական սահման ունենալու մասին», – տարակուսում էր Բաքրաձեն` հեգնելով, թե նախագահի աշխատակազմն այս անգամ էլ թերևս Զուրաբիշվիլիի սկանդալային հայտարարությունները բացատրի նրա` վրացերենի վատ իմացությամբ:
«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդը պահանջել է, որպեսզի իշխանության իրական լծակներին տիրապետող կառավարությունը հայտարարի, որ առավելապես արարողակարգային գործառույթներ ունեցող նախագահի հայտարարությունները չեն արտացոլում Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը: Բաքրաձեի համոզմամբ, ի դեպ, Զուրաբիշվիլիի գործունեության ընթացքում արձանագրված գլխավոր խնդիրը նրա կողմից Ռուսաստանի դիրքորոշումներին շատ մոտ տեսակետներ արտահայտելն է: «Նախագահի գործողությունները լրջորեն ոտնահարում են Վրաստանի շահերը: Ռուսաստանը, աշխատելով օկուպացված տարածքների միջազգային ճանաչման ուղղությամբ, երկու հիմնական կռվան է հնչեցնում: Առաջինը, թե իբր Վրաստանն ագրեսոր է և հենց վրացական կողմն է սկսել 2008-ի պատերազմը: Զուրաբիշվիլին նախկինում բազմիցս հանդես է եկել նման հայտարարություններով: Երկրորդ ռուսական պնդումը, թե կարևորը ոչ թե միջազգային իրավունքի նորմերն են, այլ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի նույնպիսի անկախ հարևաններն են, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը: Դա այն է, ինչի մասին երեկ փաստորեն հայտարարեց Զուրաբիշվիլին», – նկատել է Բաքրաձեն:
Վրաստանի նախագահի նկատմամբ Վրաստանում մեծանում է դժգոհությունը: Նրա հասցեին լսում ենք բավական կոշտ, նույնիսկ վիրավորական արտահայտություններ: Բացի այն, որ նա համարվում է Իվանիշվիլիի կամակատարը, նրա ելույթներն արդեն իսկ Վրաստանում համարում են հակապետական: