Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն կործանված ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը․ Բոզումբաև

Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Այս մասին հունվարի 24-ին հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Կանատ Բոզումբաեւը։
Նա հիշեցրել է, որ ինքնաթիռի սև արկղերն ամբողջությամբ վերծանվել են Բրազիլիայի միջազգային փորձագետների խմբի կողմից և վերադարձվել Ղազախստան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը ունեն սղագրության պատճենները։
«Սա մեծ միջազգային աշխատանք է։ Հուսով ենք, որ հետաքննության նախնական մասը կհրապարակվի հաջորդ շաբաթ»,- Lurer.com-ի հաղորդմամբ ճեպազրույցում լրագրողներին ասել է Բոզումբաևը։ Տեսանյութի հատվածը հրապարակել է տեղական «Казинформ» գործակալությունը իր Telegram ալիքում։