Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմական բյուջեի կրճատումը․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել ռազմական ծախսերի 50 տոկոսով կրճատման շուրջ, ինչպես ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է VGTRK հեռուստաընկերության հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Մենք կարող էինք համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգները կկրճատեր պաշտպանության ծախսերը 50%-ով, և մենք նույնպես կկրճատեինք 50%-ով։ Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, եթե ցանկանար, կմիանար: Մենք կարծում ենք, որ առաջարկը լավն է, և մենք պատրաստ ենք այն քննարկել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Չինաստանում պաշտպանական ծախսերի կրճատման որոշումը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործն է»։
«Չեմ կարող մեկնաբանել, թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ինչպես կարձագանքի դրան։ Ամերիկյան կողմից եղել են տարբեր մոտեցումներ ռազմավարական հարձակողական սպառազինությունների և այլ շատ լուրջ հարցերի վերաբերյալ»,- հավելել է ՌԴ նախագահը։