Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարն այսօր հանդիպելու է Ալիևի հետ, բարձրացվելու է նաև անհետ կորածների հարցը, վաղն էլ ՊՆ-ից մեզ հետ են հանդիպելու, կսպասենք պատասխանին. անհետ կորածի մայր

Երեկ մինչև գիշերվա երկուսը մնացել ենք պաշտպանության նախարարության շենքի մոտ, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը մեզ հետ չհանդիպեց, ամեն դեպքում ԳՇ միջոցով փոխանցել է, որ այսօր հանդիպելու են Ալիևի հետ ու անհետ կորածների, գերիների հարցերն են քննարվելու: Այս մասին ambion.news- հետ զրույցում ասաց Անահիտ Ադոյանը, ում որդին անհետ կորածներից է:

Այսօր մինչև ուշ երեկո մենք պատասխան կունենանք, ՊՆ-ից էլ վաղը գալու են Էջմիածին, մենք պայմանավորվել ենք, որ ժամը 11-ին իրենք կգան էջմիածեին՝ մեզ որևէ պատասխան տան, եթե պատասխանը մեզ գոհացրեց, կսպասենք իրենց գործողություններին, եթե ոչ, արդեն ուրիշ դաշտում կհանդիպենք բոլորի հետ»,- ասաց նա:

Անահիտ Ադոյանը նշեց, որ ՊՆ ներկայացուցիչը Էջմիածնում իրենց հետ հանդիպելու է զորամասում:

Նշենք, որ անհետ կորածների հարազատներն արդեն 50 օր է՝ իրենց ձայնն են բարձրացնում՝ հույս ունենալով որևէ լուր ստանան իրենց երեխաներից: Նրանք 50 օրվա ընթացքում դիմել են մի քանի անգամ Կարմիր խաչ, վարչապետի հետ են հանդիպում ունեցել, սակայն որևէ արդյունք չի եղել: Անահիտ Ադոյանն ընդգծեց, որ այդ 50 օրվա ընթացքում անհետ կորած զինվորների ծնողների հետ որևէ պատգամավոր չի հանդիպել, բոլորը միայն աթոռակռիվ են անում և ոչ ոք իրենց կողքին չի կանգնում:

Անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի այն հայտարարությանը, որ այդ 41 հոգին վրիպակի պատճառով են կորել, Անահիտ Ադոյանը նշեց. «Վաղը մենք այդ հարցն էլ կբարձրաձայնենք: Մարդը փաստացի, առանց մտածելու, հանցագործության մասին հաղորդում տվեց, դահլիճում նստած էր նաև ռազմական ոստիկանությունից անձնակազմ, նրանք այդ հանցագործությունը պետք է անպայման արձանագրեին, որովհետև մարդն ասում է՝ ես նահանջի հրաման չտայի մյուս խմբին, գնայինք մենք էլ մեռնեի՞նք, բա ես այսօր այստեղ չկանգնեի ու ձեզ պատասխան տայի, թե ուր են ձեր տղերքը»:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ մոտ վաղ առավոտից մինչև գիշերվա ժամը 2:00-ն ակցիա են իրականացրել 40 անհետ կորած զինվորների հարազատները, որոնց հայտնել են, թե իրենց տղաները վրիպակի արդյունքում են կորել, և որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարը պետք է գա ՊՆ, սպասեն ու հարցերը նրան ուղղեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )