Ջո Բայդենը կատարեց Ժողովրդավարության գագաթաժողովի պաշտոնական բացումը
ԱՄՆ -ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը կատարեց Ժողովրդավարության առցանց գագաթաժողովի պաշտոնական բացումը: Գագաթաժողովին են մասնակցում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածին ներկայացնող հրավիրյալներ՝ «կազմելու համար ժողովրդավարական նորացման օրակարգ և կոլեկտիվ գործողությունների միջոցով դիմակայելու ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքներին»:
«Ժողովրդավարությանն առաջամարտիկներ են պետք, և այդ պատճառով ես որոշեցի հյուրընկալել այս գագաթաժողովը», – ասել է Բայդենը իր բացման խոսքում:
Գագաթաժողովը, որը շարունակվելու է նաեւ ուրբաթ օրը, Բայդենի նախընտրական խոստման մի մասն է՝ ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում այն ժամանակ, երբ ավտորիտար կառավարությունները վերելք են ապրում:
Գագաթաժողովի նպատակներն են` ամրապնդել ժողովրդավարությունը, պաշտպանվել ավտորիտարիզմից, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել մարդու իրավունքները:
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սթիվեն Ֆելդշտեյնը ասում է, որ հանդիպումը «ցույց է տալիս [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի դիրքերի նկատմամբ բավականին նշանակալի տարբերություն, ինչը, ասում է նա, չափազանց կարեւոր է:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ուսումնասիրությունների և վերլուծությունների գծով փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերը նույնպես նման կարծիք ունի:
«Մոբիլիզացիան և իրազեկումը և հավաքական մտքի կենտրոնացումը ժողովրդավարության այս կարևոր խնդիրների վրա արդեն իսկ վարչակազմի կողմից ձեռնարկված շատ բարեբեր քայլ է», – ասում է նա:
Բայդենը նախատեսում է մոտ մեկ տարի անց անցկացնել անձնական մասնակցությամբ գագաթաժողով՝ «ձեռք բերված առաջընթացը գնահատելու և աշխատանքներն առաջ տանելու համար:
Ասենք, որ գագաթաժողովին մասնակցելու հրավեր են ստացել աշխարհի ավելի քան 100 երկրների առաջնորդներ, որոնց թվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանն այս գագաթաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել: