Ջո Բայդենը Թրամփին մեղադրել է Վլադիմիր Պուտինի հետ կապերը թաքցնելու համար
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախագահի ընտրությունների անվտանգության հարցերին վերաբերող և կոնգրեսականների համար կազմակերպվող ճեպազրույցները, որպեսզի կարողանա Ռուսաստանի հետ կապերի մասին տեղեկությունները թաքցնել, գրում է joebiden.com կայքը։
Նրա խոսքով՝ պետության գործող ղեկավարը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգնի իրեն ևս մի պաշտոնավարման ժամկետի վերընտրման հարցում։ Բայդենը վստահ է, որ Պուտինը կթաքցնի բազմաքանակ ճգնաժամերից ԱՄՆ-ն դուրս բերելու Թրամփի՝ ծրագրերի տապալումները։
Դեմոկրատը նաև ընդգծել է, որ Թրամփը չէր ցանկանա, որ ամերիկյան ժողովուրդը իմանար Պուտինի կողմից պետության ղեկավարի վերընտրման համար ձեռնարկված քայլերը։ Նա նաև հավելել է, որ Թրամփի քաղաքականությունը մեծ նվեր է Կրեմլի ժողովրդի համար։
Բայդենը նշել է նաև, որ նախագահի առաջարկով ամերիկյան ընտրություներին այժ նաև Չինաստանն է խառնվելու։
Նշվում է, որ ԱՄՆ ազգային հետախոզության տնօրենի՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների հարցով ճեպազրույցների դադարեցումը Թրամփը բացատրել է նրանով, որ որոշ խորհրդարանականներ նման հանդիպումների մասին մամուլին գաղտնի տեղեկություններ են փոխանցել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել են օրերս, թե Ռուսաստանը, մնացած երկրների համեմատ, ամենաշատն է փորձում ազդել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։
«Թափանցիկ լինելու փոխարեն Թրամփի վարչակազմն արդեն փորձել է առաջ քաշել այս հարցում մի քանի երկրի հավասարաչափ հետաքրքրված լինելու կեղծ վարկածը: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի գործողությունները նույնը չեն: Նրանցից միայն Ռուսաստանն է ակտիվ գործողությունների դիմում ԱՄՆ նախագահի սպասվող ընտրությունները տապալելու և այնպիսի արդյունք ապահովելու համար, որն ամենաշատն է համապատասխանում Կրեմլի շահերին»,-ասված է դեմոկրատ կոնգրեսականների տարածած համատեղ հայտարարությունում: