Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկված թեմաներից գլխավորն Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակն էր:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, կողմերը քննարկել են նաև Գլազգոյում կայացած կլիմայական գագաթնաժողովի հարցը: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել զրույցը:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահն օրինակներ է բերել «Մինսկի համաձայնագրերը խափանելու Կիևի ապակառուցողական քայլերից» և հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները «նպատակաուղղված սրում են իրավիճակը շփման գծում»: Պուտինն ընդգծել է, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի մերձեցման ֆոնին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Ջոնսոնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման առնչությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )