Պուտինը հանձնարարել է 10-հազարական ռուբլի վճարել Կուրսկի շրջանի տեղահանված բնակիչներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի: Դրա մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սմիռնովը Պուտինին հորդորել է աջակցել «այդ իրադարձությունների պատճառով իրենց տները լքած բնակիչներին» յուրաքանչյուր անձի համար 10 հազար ռուբլի վճարելու առաջարկին։ Նա ասել է նաև, որ շատերը ժամանակավոր կացարանի կենտրոններում են և չեն հասցրել անհրաժեշտ փաստաթղթեր վերցնել իրենց հետ:
«Մենք, իհարկե, տրամադրում ենք օգնությունը, սակայն նման միջոց է առաջարկվում նաև դաշնային բյուջեի հաշվին»,- հավելել է Սմիռնովը։ Պուտինը նշել է, որ ինքը «բոլորովին վերջերս» զրուցել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը: