Պետության փողն ա գնում, գյուղացու՝ հողը․Դեբեդի վարարումից տուժած գյուղացիները սպասում են նոր աղետի

Արծրուն Անդրեասյանի այգին գտնվում է Տավուշի մարզի Արճիս գյուղի հայտնի «Ճալա» կոչվող տարածքում՝  Դեբեդի կիճում։ Տարածքը՝  1100քմ է, նույնքան էլ տնկարանի տարածքն է, որտեղ մշակել են հոն, պնդուկ և այլ ծառատեսակներ։ Անդրեասյանն ասում է, որ միայն այգուց տարվա կտրվածքով ստանում էր 600-800 հազար դրամի եկամուտ։ Այգին էապես տուժել է  նախորդ տարվա ջրհեղեղից։

«Ամբողջ այգու կրած վնասի համար ստանում էի  փոխհատուցում ստացել եմ 29  հազար դրամ։ Տնկարանի համար փոխհատուցում չեմ ստացել, ասացին՝ տնկարանի համար չկա, միայն այգու համար է։ Հիմա որ ծառը մնացել է, տիղմից մաքրել եմ,մշակել,  ծաղկել է»,- ասաց Արծրուն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ փոխհատուցած գումարն անհամատեղելի էր ստացած եկամուտի հետ։ Հարցին, թե արդյո՞ք բողոքել է պտկան մարմիններին, Անդրեասյանն ասաց․ «Ոչ մեկին չեմ դիմել, չեմ էլ ուզում դիմել, չեմ հավատում»։

Տավուշի մարզից 50 տարվա մանկավարժ, կենսաբան Սուրեն Միքայելյանը թոշակի անցնելուց  հետո զբաղվում է այգեգործությամբ։ Ասում է՝ այս տարիքում իրենց աշխատավայրն է դարձել այգին։

4800 քմ այգի ուներ, որի մի մասը նախորդ տարի տուժեց ջրհեղեղից։ Խոսքը միայն ծառերի մասին չէ, հողի մի մասն է անցել ջրի տակ։

«Այ էս ընկուզենուց բարձր ծառեր կային,ջուրը քշել տարել ա։ Տեսնում եք՝ գետի եզրը, իմ հողից 2 մետրից ավելին քշել տարել ա։ 30 մետր իմ փայից, 40 էլ հարևանի փայից ջուրը տարել ա, չկա, հող չկա»

Հիմա էլ անհանգստացած է, մեր այցի նախորդող գիշերն արդեն գետը ոռոգման համակարգի խողովակն էր վնասվել։

«Տեսնում եք՝ էն ցեմենտ- բետոնից սյունը, ջուրը որ թեքվել ա, հմի նա արգելք ա ջրի համար։ Գիշերը ոնց որ էս մասը պոկեց, մի երկու օր հետո լրիվ կպոկի։ Գարնան հիմնական վարարումը դեռ չի սկսել, Լալվարը դեռ ձյունով պատված ա, դեռ չի հալվել, երկու շաբաթ հետո ա իսկական վարարումը։ Քանդում ա հողը լրիվ տանում , վտանգավորությունը դա ա։ Ասեցին՝ հատուկ տեխնիկա կա, որ կարող են էտ սյունը հանել։ Սա պետք ա հանել, որ ջուրն իրա հունով գնա»,- ասաց գյուղացին։

Նա նշեց, որ նոր տնկիներ դրել է այգում, եթե ջուրը վարարի դրանց էլ կվնասի, բայց  մտահոգությունը դրանում չէ, ասում է՝ նորից կտնի, բայց, որ հողն է տանում, որտե՞ղ կտնկի։

«Դրածս աշխատանքը դեռ մի կողմ, բայց որ հողն ա տանում․․․ Ես եթե դիմեմ կառավարությանը, ասելու են՝ բնական աղետ է։ Ինձ դա օգուտ չէ։ Ամեն վարարումի ժամանակ, եթե հող կորցնեմ, քիչ-քիչ հողս լրիվ կկորցնեմ։ Էստեղ դամ կար (պատնեշ), դա պաշտպանում էր  հողը, նախորդ տարի քանդվեց, բայց էլ չեն վերականգնել։ Հիմա  , ամեն վարարումից ջուրը լցվում ա հողը։ Ջուրն անընդհատ գալու ա, անընդհատ քշի, տանի»,- ասաց գյուղացին։

Նրա խոսքով՝ նախարարը գյուղացիների հետ հանդիպման չի եկել, որպեսզի ծանոթանա խնդիրներին։

«Լոռու մարզում է հանդիպել բնակիչներին, մեր մոտ չի եկել։ Լսել ենք՝ մրցույթ են հայտարարել ու ասել են՝ կանենք։ Բայց դե էնքան շուտ-շուտ են գեշ բաներ անում, աշխատանքից հանում, որ չգիտեմ՝ կանեն, թե չէ։ Արդյունքում՝ պետության փողն ա գնում, գյուղացում էլ՝ հողը»։

Գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունն ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին՝  տեխնիկա տրամադրի գետում եղած խոշոր քարակույտերը մաքրելու համար, ինչպես նաև պաշտպանիչ շերտ կառուցնեն՝ կիրճում  մնացած կողակտորները պաշտպանելու համար։

Շարունակելի․․․

Share This