Պենտագոնի նախկին ղեկավարը Բայդենին խորհուրդ է տվել պատժել Գերմանիային և Թուրքիային

2006-ից մինչև 2011-ը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Գեյթսը ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել կոշտ դիրքորոշում որդեգրել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների նկատմամբ, մասնավորապես՝ «պատասխանատվության ենթարկել» Գերմանիային և Թուրքիային, գրում է New York Times թերթը։

Գեյթսի կարծիքով՝ ամերիկյան նոր վարչակազմը պետք է ստիպի Գերմանիային պատասխան տալ ոչ միայն ՆԱՏՕ-ում քիչ գումարներ ներդնելու համար, ինչի մասին խոսել է նույնիսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, այլև «Հյուսիսային հոսք-2» -ի համար։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը շահավետ է համարում իր երկրի համար։

Գեյթսը հիշատակել է նաև Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու Թուրքիայի գործարքը։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները «պետք է գին ունենան», իսկ օրերս սահմանված պատժամիջոցները «լավ սկիզբ» են: Բացի այդ, Թուրքիան պետք է պատասխան տա Լիբիայում և Սիրիայում գործողությունների համար, որոնք հակասում են ՆԱՏՕ-ի այլ երկրների շահերին, ասվում է հոդվածում։

Ինչպես հայտնել է Պենտագոնի նախկին ղեկավարը, ԱՄՆ-ն պետք է գերիշխող դիրք զբաղեցնի ՆԱՏՕ-ում և, հնարավոր է, դաշինքից հեռացնի Թուրքիային, Հունգարիային և Լեհաստանին, որոնք, նրա խոսքով՝ շարժվում են դեպի տոտալիտարիզմ:

«Հյուսիսային հոսք-2»-ը պետք է ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով հասցնի Գերմանիա: «Գազպրոմից» բացի, նախագծին մասնակցում են մի շարք եվրոպական ընկերություններ: Խողովակաշարը պետք է ավարտվեր դեռևս 2019-ին, սակայն անցած տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն ընդունեց պաշտպանության բյուջեն, որի բաժիններից մեկը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք կմասնակցեն «Հյուսիսային հոսքի» շինարարությանը:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )