Պարզ հերպեսի վիրուսը կարող է առաջացնել կոգնիտիվ խնդիրներ եւ տագնապայնություն.

Չիկագոյի Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ պարզ հերպես 1 վիրուսը (ՊՀՎ-1), որը հայտնի է խոցերի եւ բշտիկների ախտանիշներով, կարող է առաջացնել լուրջ նյարդաբանական հետեւանքներ՝ ներառյալ անհանգստություն, շարժվելու խանգարումներ եւ կոգնիտիվ խնդիրներ: Հետազոտությունը հրապարակվել է mBio գիտական ​​ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են ներքթային վարակը, որի դեպքում վիրուսային մասնիկները քթի միջոցով ներթափանցում են օրգանիզմ եւ անմիջականորեն մուտք են գործում նյարդային համակարգ։

«Եթե վիրուսն արտազատվում է արցունքների միջոցով, այն կարող է հասնել ռնգային խոռոչ եւ այնտեղից ուղեղ»,- բացատրել է ուսումնասիրությունը ղեկավարող պրոֆեսոր Դիպակ Շուկլան:

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ վարակվելուց հետո մի քանի օրվա ընթացքում ուղեղում բորբոքման եւ նեյրոնների վնասման բարձր մակարդակ է դրսեւորվում: Մի քանի ամիսների ընթացքում (համարժեք է մարդկային կյանքի տասնամյակներին) վարակված կենդանիները տառապել են կոորդինացման, հիշողության եւ անհանգստության բարձրացումից։

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են հեպարանազա ֆերմենտի դերը, որը նախկինում կապված էր վիրուսի վերաակտիվացման հետ: Կենդանիները, որոնց հեպարանազայի գենն ապաակտիվացված էր, նույն նյարդաբանական խախտումները չէին ցուցաբերում, ինչը ցույց է տալիս այս ֆերմենտի առանցքային դերն ուղեղի երկարատեւ վնասվածքի զարգացման գործում:

ՊՀՎ-1-ը չափազանց տարածված է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ այն կրում է աշխարհի բնակչության գրեթե երկու երրորդը: Վիրուսն օրգանիզմում մնում է ողջ կյանքի ընթացքում եւ կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով տարբեր ախտանիշներ։

Հետազոտողները նախատեսւոմ են շարունակել ուղեղի վրա ՊՀՎ ներգործության մեխանիզմների ուսումնասիրությունը եւ մշակել բուժման նոր մեթոդներ՝ ուղղված հեպարանազայի ակտիվության ճնշմանը եւ բորբոքման նվազմանը։

Share This