ՊԱՏՈւՄՆԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ԷՅՆՇՏԵՅՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Մի անգամ, նստելով բեռլինյան տրամվայ, Էյնշտեյնը, սովորության համաձայն, անմիջապես ընկղմվեց ընթերցանության մեջ: Հետո գրպանից հանեց տոմսի համար նախապես հաշված գումարը և առանց նայելու՝ փոխանցեց տոմսավաճառին։
– Այստեղ պակասում է, – ասաց տոմսավաճառը:
– Չի կարող պատահել, – պատասխանեց գիտնականը, առանց գրքից կտրվելու:
– Իսկ ես ասում եմ ձեզ, գումարը պակասում է:
Էյնշտեյնը նորից գլուխը շարժեց՝ ասելով, որ այդպիսի բան չի կարող լինել։
Տոմսավաճառը վրդովվեց.
– Ուրեմն հաշվեք, ահա՝ 15 պֆենինգ։ Այսպիսով, ևս հինգը պակասում է:
Էյնշտեյնը քրքրեց իր գրպանը և իրականում գտավ պակասող մետաղադրամը: Նա իրեն անհարմար զգաց, բայց տոմսավաճառը ժպտալով ասաց.
– Ոչինչ, պապիկ, պարզապես պետք է թվաբանություն սովորել:

***
Մի կին խնդրեց Էյնշտեյնին զանգահարել իրեն, բայց զգուշացրեց, որ իր հեռախոսահամարը շատ դժվար է հիշել.
– 24-361: Հիշեցի՞ք: Կրկնեք:
Էյնշտեյնը թոթեց ուսերը.
– Իհարկե հիշեցի, դա այնքան պարզ է: Երկու դյուժին և 19-ի քառակուսի:

***
Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը։ Մի օր նա հեռագիր ուղարկեց մեծ կատակերգուին.
«Ձեր «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորի համար, և ես վստահ եմ, որ դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»։
Չապլինը պատասխանեց.
«Ես ավելի շատ եմ հիանում ձեզանով։ Աշխարհում ոչ ոք չի հասկանում ձեր հարաբերականության տեսությունը, բայց դուք միևնույնն է մեծ մարդ եք դարձել: Չապլին»։

***
Մի լրագրող, նոթատետրն ու մատիտը ձեռքին, հարցրեց Էյնշտեյնին.
– Ունե՞ք նոթատետր կամ տետր, որտեղ գրում եք ձեր մեծ մտքերը:
Էյնշտեյնը ժպտաց.
– Երիտասարդ, իսկապես մեծ մտքերն այնքան հազվադեպ են գալիս, որ դրանք դժվար չէ հիշել:

Share This