Պաղպաղակի ստեղծման պատմությունից, որտեղ դեր ունեն նաև հայերը
Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում։ Չինաստանում մրգային հյութերը սառեցնում էին դեռ 3000 տարի առաջ։ Այնուհետև նմանատիպ թարմացնող միջոցներ սկսեցին պատրաստել արաբները, հնդիկները և պարսիկները։
Ալեքսանդր Մակեդոնացին Պարսկաստան և Հնդկաստան կատարած հայտնի արշավների ժամանակ, վատ տանելով շոգը, մրգահյութերն ընդունում էր ձյան հետ։ Մ.թ.ա. IV դարում Հիպոկրատը սովորեցնում էր կիրառել սառեցված ըմպելիք։ Հռոմի կայսր Ներոնի դաստիարակ Սենեկան նախատում էր հռոմեացիներին սառեցված մրգահյութերի չարաշահման համար։
ХIII դարում վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն Չինաստանից իր հետ պաղպաղակի պատրաստման բաղադրատոմսեր բերեց։ Պաղպաղակը հիացմունք առաջացրեց և դարձավ պալատականների ամենասիրելի ուտեստներից մեկը։ Պաղպաղակի բաղադրատոմսերը գաղտնագրված էին, գաղտանզերծումը սպառնում էր մահապատժով։ Չորս հարյուր տարի պաղպաղակի պատրաստման եղանակը գաղտնի էր պահվում։ 1660 թ. իտալացի Ֆրանչեսկո Պրոկոպիոն պաղպաղակի վաճառակետ է բացում Փարիզում։ Այդ նույն տեղում այսօր էլ գործում է սրճարան, որտեղ պաղպաղակ են վաճառում։ Նոր քաղցրեղենն արագորեն գրավում է փարիզեցիների սիրտը։ Տասնվեց տարի հետո Փարիզում ձևավորվում է պաղպաղակ արտադրողների առաջին կորպորացիան, որին այն ժամանակ անվանում էին լիմոնադյե:
Մինչև ХVIII դարի կեսերը պաղպաղակը վաճառում էին միայն ամռանը։ Պրոկոպիոյի իրավահաջորդը՝ լիմոնադյե դե Բրյուիսոն, 1750 թվականից սկսեց պաղպաղակ պատրաստել ամբողջ տարվա ընթացքում։ Պաղպաղակ պատրաստելու նրա բաղադրատոմսն արդեն մոտ էր ժամանակակից բաղադրատոմսերին (սերուցքին ավելացնում էին շաքար, ձվի սպիտակուց, վանիլին, աղ)։
Սովորաբար, պաղպաղակը վաճառում էին թղթե, ապակյա կամ մետաղյա բաժակներով, որոնք հետո վերադարձվում էին վաճառողին։ Սակայն դա հակահիգիենիկ էր, դրանից բացի, գնորդները հաճախ չէին վերադարձնում ինքնատիպ տարաները։
20-րդ դարի հայտնի գործարար Ալեք Մանուկյանը հայտնի էր իր բարեգործական գործունեությամբ՝ ի շահ հայ ժողովրդի։ Նրա անունով փողոցներ կան Երևանում, Դետրոյթում, Մոնրեալում: Սակայն քչերը գիտեն, որ պաղպաղակի վաֆլե կոները Ալեք Մանուկյանի երևակայության արդյունքն են՝ իրականություն դարձած։
Վաֆլե կոները ձեռքով էին փաթաթվում մինչև 1912 թվականը, երբ, ըստ պատմաբանների պնդման, Ֆրեդերիկ Բրուքմանը ստեղծեց նման կոների գլանման մեքենա։ Արդեն 1923 թվականին պաղպաղակի համար բաժակների պատրաստման սարք ստեղծողին՝ մեր հայրենակից Հարրի Թաթոսյանին (ԱՄՆ), տրվեց ԱՄՆ արտոնագիր` պաղպաղակների կոների փաթաթման սարքի համար, իսկ 1924 թ. Կարլ Թեյլորը արտոնագրեց մեկ այլ մեքենա, որն աշխատում էր վաֆլիի թխման ավտոմատ սարքի հետ համատեղ ու տաք վաֆլիից փաթաթում էր կոներ՝ ընթացքում սառեցնելով դրանք։